Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ուղղված են բնակչության եկամուտների ավելացմանը. Բակո Սահակյան

Կարևորելով Արցախում սոցիալական պաշտպանության և բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները՝ գալիք տարում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ ուղղված բնակչության եկամուտների ավելացմանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Խորհրդարանում կայացած «ԱՀ 2020 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականին նախատեսվում է բարձրացնել ավելի քան 23 հազար 500 թոշակառուների կենսաթոշակները՝ միջինում 10%-ով, որի համար պետական բյուջեից լրացուցիչ կհատկացվի 1 միլիարդ 200 միլիոն դրամ: 10 %-ի չափով բարձրացվելու են հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող շուրջ 3600 ուսուցիչների աշխատավարձերը, որի համար պլանավորվում է հատկացնել ավելի քան 700 միլիոն դրամ:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ աստիճանաբար կբարձրացվի նաև նվազագույն աշխատավարձը: 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի ծավալը կկազմի 68 հազար դրամ՝ ներկայիս 55 հազար դրամի փոխարեն: Արդյունքում պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող շուրջ 6500 աշխատողների աշխատավարձերը, և պետական բյուջեից այդ նպատակով լրացուցիչ կհատկացվի մոտ 1 միլիարդ 100 միլիոն դրամ:
Բակո Սահակյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, նվազագույն աշխատավարձի բարձրացումը (ներառյալ մասնավոր հատվածը) կընդգրկի ավելի քան 15 հազար աշխատուժ, որոնցից հավելյալ ստացվելիք եկամուտը տարվա կտրվածքով կկազմի 2 միլիարդ 500 միլիոն դրամ:
ԿԻՍՎԵԼ