Վերաբնակեցման գործընթացում կներդրվեն նոր սկզբունքներ. Սամվել Ավանեսյան

Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների համար Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 257 միլիոն 800 հազար դրամ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարը նշել է, որ շրջանառության մեջ է գտնվում նոր նախագիծ, որով կներդրվեն նոր սկզբունքներ կապված վերաբնակեցման գործընթացի հետ: Խոսքը վերաբերում է նպատակային վերաբնակեցմանը: «Մասնավորապես՝ կմեկնարկի նոր գործընթաց, որի շրջանակներում կկազմվեն շրջանների, ենթաշրջանների և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր, որոնցից էլ կբխի մասնագետների պահանջը: Այդ մասնագետների ու նրանց ընտանիքների համար կհայատարարվի նպատակային վերաբնակեցում, որի արդյունքում էլ վերաբնակեցման գործընթացը բնականոն զարգացում կունենա»,- նշել է Ս. Ավանեսյանը:

ԿԻՍՎԵԼ