Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծով «Պետական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին» ծրագրին նախատեսվում է հատկացնել մոտ 45 միլիոն դրամ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Խորհրդարանում կայացած ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ 2019 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են: Բացի դրանից, վերանայվել է բնակարանների բավարարման մեխանիզմը:
«Նոր կարգի համաձայն՝ երկկողմանի ծնողազուրկ երեխային կտրամադրվի ոչ թե մեկ, այլ առնվազն երկուսենյականոց բնակարանով՝ հաշվի առնելով երիտասարդ տարիքը և աճի հետագա միտումները: Իսկ տվյալ անձը ունի ընտանիք և երեխաներ, ապա նա բավարարվում է մյուս սոցիալական խմբերի դեպքում գործող կարգով, այսինքն՝ ըստ շնչերի և պահանջի: 3 միլիոն դրամ էլ նախատեսվում է բնակարանը կահավորելու և կենցաղային որոշակի գույք ձեռք բերելու համար»,- նշել է Ս. Ավանեսյանը: