Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱՀ Մարտունի քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան երկու նորակառույց շենքերի 23 բնակարանների հանձնման արարողություն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԱՀ կառավարության որոշմամբ, բնակարանները տրամադրվել են արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, առաջին խմբի հաշմանդամների և Մարտունի քաղաքի բազմազավակ ընտանիքներին:
Հանդիսավոր միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Մարտունի քաղաքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Թելիքյանը կատարել է տնօրհնեքի կարգ:
Նա շնորհավորել է բոլոր այն ընտանիքներին, ովքեր այսօր բնակարանամուտ են տոնում՝ մաղթելով Արցախ աշխարհին հարատև խաղաղություն և բոլորի ընտանիքներում ուրախություններ:
Նորակառույց շենքի բացման պատվավոր առաքելությունը տրվել է զոհված ազատամարտիկի դուստր Ռուզաննա Հովսեփյանին և արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Կամո Հովհաննիսյանին:
Բնակարանների բանալինները տանտերերին են հանձնել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ովքեր շրջայց են կատարել նորակառույց շենքում:
Նոր բնակարան ստացած առաջին խմբի հաշմանդամ Գենրի Արզումանյանն իր երախտագիտություն է հայտնել ԱՀ կառավարությանը՝ իր ընտանիքին բնակարանով ապահովելու համար: Նա նաև իր շնորհակալությունն է հայտնել շինարարներին՝ բարեխիղճ աշխատանքի համար:
«Կցանկանայի, որ այս ծրագիրը լինի շարունակական, և բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան իրենց սեփական տանիքը: Շնորհավորում եմ բոլոր այն անձանց, որոնց երազանքն այսօր իրականություն դարձավ»,_ նշել է Գ.Արզումանյանը:
Վիգեն և Մանուշ Բալայանների երիտասարդ բազմազավակ ընտանիքը ևս նոր բնակարան է ստացել:
Նրանց որդին՝ 11-ամյա Արթուր Բալայանն իր ելույթում ողջունելով ներկաներին՝ ասել է. «Այս տոնական օրը բացառիկ է: Մենք ուրախ և հպարտ ենք, որ բազմազավակ ընտանիքներին տրամադրում եք այսպիսի հարմարավետ բնակարաններ, որպեսզի իմ հասակակիցները մեծանան լավ պայմաններում: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր այն անձանց, ովքեր նոր բնակարաններ են ստացել. ցանկանում եմ ուրախություն, առողջություն և հաջողություն: Մենք պարտավորված ենք զգում, գնահատում ենք մեր երկրի ղեկավարության ուշադրությունը քաղաքացիներիս նկատմամբ: Մենք էլ կկատարենք մեր պարտականությունները՝ լավ կսովորենք, կդառնանք Արցախ աշխարհի պաշտպանները»:
Հինգ երեխաների մայր Դիանա Միրզոյանի խոսքով՝ իր ընտանքն անասելի ուրախություն և հպարտություն է ապրում, քանի որ այսուհետ ապրելու են նորակառույց, հարմարավետ բնակարաններում:
«Հերթական բնակարանամուտն անկասկած վկայում է պետության ղեկավարության կողմից արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների նկատմամբ մշտական ուշադրության, մեր բնակկենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ ծավալված ակտիվ գործունեության մասին: Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել այս շենքերի կառուցման գործում: Տա Աստված, որ բոլորն ունեն իրենց սեփական բնակարանները»,_ մասնավորապես ասել է Դ.Արզումանյանը:
Նշենք, որ շինարարությունն իրականացվել է «Ֆերզիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը. շինաշխատանքները տևել է երկուսուկես տարի: