2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 27 մլրդ 065 մլն դրամ, կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 3 մլրդ 423.9 մլն դրամով, որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է և կազմում է ընդհանուր ծախսերի 22.4 %-ը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  ԱՀ  ֆինանսների  նախարար  Արթուր  Հարությունյանը՝  նշելով, որ  հատկացվող գումարների ավելացումը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի հունվարի  1-ից կենսաթոշակների բարձրացմամբ, որի համար լրացուցիչ տրամադրվել է 1 մլրդ 195.7 մլն   դրամ:
«Աշխատանքային և զինվորական կենսաթոշակները հաշվարկելու  համար հիմնական բազային կենսաթոշակի չափը 2020 թվականին կհասցվի 18,000 դրամի` 2019 թվականի 16,000 դրամի դիմաց, կամ աճը կկազմի 12.5 %: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի առաջին տասը տարվա համար նախատեսվում է սահմանել 950 դրամ՝ 800 դրամի դիմաց, դրանով պայմանավորված աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2020 թվականին կկազմի 47,300 դրամ` 2019 թվականի 43,200 դրամի դիմաց, որի արդյունքում ավելի քան 23500 թոշակառուների  կենսաթոշակները կբարձրանան միջինում 10 %-ով : 2020 թվականին հանրապետությունում նախատեսվում է նաև բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը կկազմի 68000 դրամ` 2019 թվականի 55000 դրամի դիմաց (աճը` 23.6 տոկոս): Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ կավելանան պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորվող շուրջ 6500 վարձու աշխատողների աշխատավարձերը և պետական բյուջեից այդ նպատակի համար լրացուցիչ  կհատկացվի 1 մլրդ 055.6 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ներառյալ մասնավոր հատվածը կընդգրկի շուրջ  15.000 վարձու աշխատող, որոնց հավելյալ ստացվելիք եկամուտը  տարվա կտրվածքով կկազմի  ավելի  քան  2.5  մլրդ   դրամ»,-տեղեկացրել  է  Ա. Հարությունյանը:
ԿԻՍՎԵԼ