2019 թվականի հուլիսի 1-ից ներդրված «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի համաձայն` ԱՀ ֆինանսների նախարարությունը սկսել է կուտակային համակարգի մասնակիցների կողմից վճարված սոցիալական վճարների և պետության մասնաբաժնի, ինչպես նաև դրանց վերաբերյալ անձնավորված տեղեկատվության` մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման գործընթացը, որի հիման վրա թողարկվել են առաջին կենսաթոշակային փայերը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ֆինանսների նախարարությունից:
Արդյունքում, կուտակային բաղադրիչի այն մասնակիցները, ում համար կատարվել են կուտակային վճարներ, արդեն ունեն բացված անհատական կենսաթոշակային հաշիվներ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ` Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում: Մասնակիցը այսուհետ ցանկացած պահի կարող է տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և ինչքան լրացուցիչ եկամուտ հաշվարկվել այդ գումարների վրա:
Անհատական կենսաթոշակային հաշիվներին մասնակիցները կարող են հետևել www.tax.nk.am և www.mss.nkr.am կայքերում «Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի անհատական հաշիվ» համակարգի միջոցով` նույնականացման քարտի և քարտը կարդացող սարքի օգնությամբ:
Եթե կուտակային համակարգի մասնակիցը չունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող է ստանալ` այցելելով հաշվի օպերատորին` «Արցախբանկ» ՓԲԸ` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ (ՀԾՀ):
Այսպիսով, կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել հետևել իրենց կուտակային հատկացումների ճիշտ և ժամանակին փոխանցմանն ու կառավարման արդյունավետությանը:
Միաժամանակ, իրազեկում ենք, որ շարունակական աշխատանքներ ենք իրականացնելու կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ` նպաստելով համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը: