Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Արցախում ծնվածների թիվը կազմել է 973 մարդ, մահացածների թիվը` 573 մարդ, բնական հավելաճը` 400 մարդ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ ծնվածների թիվը նվազել է 146 մարդով կամ 13 %-ով, մահացածների թիվը՝ 82 մարդով կամ 12.5 %-ով, բնական հավելաճը՝ 64 մարդով կամ 13.8 %-ով: Բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 12 է, նախորդ տարի`հունվար-հունիսի 24-ի դիմաց, որոնք բոլորը երկվորյակ են:
2019թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը, այն է ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 169.8 %:
Մեռելածինների թիվը, ինչպես և նախորդ տարին, 2019թ. հունվար-հունիսին կազմել է 7 երեխա: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ Արցախում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 27.8 տարեկան, ընդ որում առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24.8 տարեկան:
Մեռելածինների թիվը, ինչպես և նախորդ տարին, 2019թ. հունվար-հունիսին կազմել է 7 երեխա: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ Արցախում 2019թ. հունվար-հունիսին կազմել է 27.8 տարեկան, ընդ որում առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24.8 տարեկան:
«Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը վկայում է աղջիկների համար՝ Մարիա(25դեպք), Մարիամ(19դեպք), Նարե(18դեպք), Աննա(18դեպք), Մարի(18դեպք), տղաների համար՝ Դավիթ(28դեպք), Տիգրան(28դեպք), Գոռ(22դեպք), Մարկ(18դեպք), Արթուր(15դեպք) անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին: ԱՎԾ-ն սկսել է հրապարակել նաև նորածինների առավել հաճախ կրկնվող ազգանունները, հետաքրքիր է, որ և աղջիկների, և տղաների ցուցակներում առաջին 3 հորիզոնականները զբաղեցնում են նույն ազգանունները՝ Սարգսյան, Գրիգորյան և Հարությունյան»,- նշել է Մ. Մինասյանը:
Նա տեղեկացրել է, որ հանրապետությունում հաշվետու ժամանակաշրջանում ծնվածների 41.9%-ը և մահացածների 35.6%-ը բաժին են ընկնում մայրաքաղաքին: Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից` 60.9%(նախորդ տարվա 73.4%-ի փոխարեն), նորագոյացություններից` 19.7% (նախորդ տարվա 13.0%-ի փոխարեն) և շնչառական օրգանների հիվանդություններից`9.2% (նախորդ տարվա 2.4-ի փոխարեն) մահվան դեպքերը:
Ըստ տարիքային խմբերի մահվան դեպքերի՝ մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 33.1%-ը (նախորդ տարվա 28.6%-ի փոխարեն), 70 և բարձր տարիքի անձինք` 66.9%-ը (նախորդ տարվա 71.4%-ի փոխարեն):
Մանկամահացությունը 2019թ. հունվար-հունիսին Արցախում 13.4 պրոմիլ է կամ 13 դեպք` 2018թ. նույն ժամանակաշրջանի 8 պրոմիլ է կամ 9 դեպքի դիմաց, երեխաների մահացությունը՝ 17.5 պրոմիլ կամ 17 դեպք` 2018թ. նույն ժամանակաշրջանի 8.9 պրոմիլի կամ 10 դեպքի փոխարեն: