Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է «ԼՂՀ կառավարության 2012 թ. հունվարի 19-ի՝ հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին N 11-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝    Ս. Ավանեսյանն  ասել  է, որ   նախագծով  առաջարկվում  է  նվազագույն    կենսաթոշակի   չափը  սահմանել    25  հազար  500  դրամ՝  միաժամանակ      ամրագրելով  նաև, որ  եթե  պետական  կենսաթոշակների  մասին  օրենքի  15-րդ  հոդվածով  հաշվարկված  աշխատանքային  կենսաթոշակի  չափը   պակաս  է    25 հազար  500  դրամից, ապա   կենսաթոշակը  նշանակվում  և    վճարվում  է   նույնքան  գումարի   չափով:
Ըստ  նախարարի՝  նախագծի  ընդունման  դեպքում  2019 թվականի  հունվարի  1-ից  կվերահաշվարկվեն  աշխատանքային, զինվորական, սոցիալական  կենսաթոշակներ  ստացող   3332  կենսաթոշակառուների  թոշակներ:
«Մեկ  տարվա  համար  լրացուցիչ  կպահանջվի    մոտ   249  մլն 750 հազար    դրամ, ինչը   հնարավոր  կլինի   վճարել   արդեն  իսկ  նախատեսած    տարբեր  կենսաթոշակների  վճարման  ծրագրերով»,-նշել  է  Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ