ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ
ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
<<Ստեփանակերտն>> այս համարում անդրադառնում է Արցախի ժողովրդագրական իրավիճակին` լուսաբանելու այն մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև: Հիշեցնենք, որ ԱՀ ժողովրդագրական և միգրացիայի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն են ծնելիության խթանումը` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավումը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացումը, կյանքի միջին տևողության ավելացումը, վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցումը, ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակումը, բնակչության ժողովրդագրական ծերացման ազդեցության հաղթահարումը, բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավումը, ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործումը և համապատասխանեցումը և այլն:
Վերջիններիս իրագործմանն են ուղղվում ԱՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման եռամյա պետական ծրագրերն ու դրանց իրականացումն ապահովող միջոցառումները:
<<Ստեփանակերտի>> հյուրն է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը:
Ըստ Արարատ Բախտամյանի՝ վարչության գլխավոր գործառույթներից է ժողովրդագրական քաղաքականության մշակումը, ինչպես նաև՝ փախստականների և վերաբնակիչների սոցիալական հարցերի լուծումը:
-20-րդ դարի վերջին տեղի ունեցած խորհրդային կարգերի փլուզումը Խորհրդային Միության բոլոր երկրների զարգացումը բավականին ցածր հարթակի վրա կանգնեցրեց: Արցախյան պատերազմը, արտահոսքը, տնտեսական շրջափակումն արմատապես փոխեցին Արցախի հասարակական կյանքը և ժողովրդագրական իրավիճակը: Տնտեսությունը սկզբունքորեն զարգացման նոր ուղի սկսեց ապրել, փոխվեցին հասարակական բոլոր հարաբերությունները, բարդացավ հանրապետության սոցիալական իրավիճակը: Պետությունն ու հասարակությունը ծանր կացության առջև կանգնեցին: Ողջ պատերազմի ընթացքում Արցախի բնակչության մի մասը ստիպված տեղահանվեց: Այդ ամենի հետևանքով ժողովուրդը կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը, տեղահանվածների մի մասն էլ այլևս չվերադարձավ հայրենիք: Այս իրադարձություններին զուգորդվեց Ադրբեջանից մազապուրծ, թալանված փախստականներ ընդունելու խնդիրը: Երկիրը կանգնեց նրանց ապրելու նոր հնարավորություն տալու փաստի առջև, ինչն, անշուշտ, մեծ ծախսեր էր պահանջում՝ երկրի համար դժվար օրհասական պահին,- նշեց Արարատ Բախտամյանը:
Խոսելով ԱՀ-ում փախստականների թվի և կարգավիճակի մասին Բախտամյանը փաստեց, որ 1988-92 թթ. փախստականների կարգավիճակում հայտնվեցին ավելի քան 500.000 հայեր, որոնցից 30.000-ը հաստատվեցին ԼՂՀ-ում: Սակայն Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի հետևանքով ԼՂՀ-ում ապաստանած փախստականների մի մասը մեկնեցին ՀՀ և արտերկիր:
-Փախստականի հաշվառման վկայական տրվել է 4130 ընտանիքի` մոտ 13.000 անձի, որոնցից 7800-ը փաստացի փախստականներ են,- նշեց Ա. Բախտամյանը` փաստելով, որ ԼՂՀ կառավարության որոշումներով սահմանված արտոնությունների տրամադրման համար փախստական ընտանիքներին ԼՂՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 274.005.000 ՀՀ դրամ:
Անդրադառնալով փախստականների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին` վարչության պետի հավաստմամբ, ներկայումս ԱՀ-ում գործում է փախստականների բարելավման 2 ծրագիր` վարձակալական հիմունքներով բնակվող փախստական ընտանիքների բնակվարձի փոխհատուցման և արտոնյալ հիփոթեքային վարկավորման: Իսկ, թե ինչ պայմաններով են գործում վերոնշյալ ծրագրերը, Ա. Բախտամյանը պատասխանեց.
-Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն փախստական այն ընտանիքները, որոնց նկատմամբ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետական աջակցություն չի ցուցաբերվել, բնակվում են վարձակալական հիմունքներով և ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ վերջին տասը տարիների ընթացքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածություն չեն օտարել: Ընդ որում, տրամադրվող ֆինանսական աջակցության չափը որոշվում է եռակողմ պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 50.000 ՀՀ դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս:
Նշենք, որ աջակցությունը ստանալու համար շահառուն լիազորված մարմին է ներկայացնում ԱՀ կառավարության 2016 թ. հուլիսի 14-ի Ն 381-Ն համապատասխան որոշմամբ նախատեսված փաստաթղթեր: Այդ ծրագրից ներկա դրությամբ օգտվում է 56 փախստական ընտանիք:
Ա. Բախտամյանի հավաստմամբ, ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրով, նախատեսված է նաև բնակարանային պայմանների բարելավման նպատակով շինանյութի տրամադրում, որից ևս օգտվել են հանրապետության շրջաններում ապրող ավելի քան 50 փախստական ընտանիքներ: Մեկ այլ ծրագրով էլ 10 փախստական ընտանիքի տրամադրվել է կենցաղային կահույք և խոհանոցային սարքեր:
Ավելացնենք նաև այն, որ ԱՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել համայնքների հետ աշխատանքների իրականացմանը, այդ թվում` համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հարցերին: Այս ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացվել են հիմնականում փոքր և միջին համայնքներում` ոչ թե համայնքների արհեստական խոշորացման, այլ բնակչության աճին նպաստող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և այլ գործոնների խթանմանը միտված միջոցառումների մշակման և իրականացման համատեքստում: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, ԱՀ ԱՍՀՎ նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում որպես աշխատանք փնտրող, հաշվառվել է 1587 հոգի, որից 1518-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 24 գործատուներ ներկայացնելով 490 թափուր աշխատատեղեր, ինչպես նաև աշխատանք փնտրող ավելի քան 400 քաղաքացիներ: 2018 թ. ընթացքում գործակալությունում հաշվառված գործազուրկներից մշտական և ժամանակավոր աշխատանքի են տեղավորվել 140 հոգի, 97-ը գործակալության կողմից իրականացված ծրագրերի արդյունքում: Գործակալություն այցելած անձանց տրվել են խորհրդատվություններ զբաղվածության ծրագրերի, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման մասին: Տարվա ընթացքում գործակալության աշխատողների կողմից իրականացվել են հանդիպումներ 694 գործատուների հետ նրանց ներկայացնելով գործակալության կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա համագործակցության համար: Հանդիպումների արդյունքում գործատուների կողմից ներկայացվել են 703 թափուր աշխատատեղեր: <<ՓՄՁ պետական աջակցություն>> ծրագրի շրջանակներում 2018թ. ընթացքում ԱՀ կառավարության 10.11.2017թ.թիվ 145-Ա որոշման համաձայն, փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվել է առևտրային բանկերի կողմից ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում ՓՄՁ սուբյեկտների համար վարկային ռեսուրսների մատչելիության բարձրացման նպատակով: Ծրագրի շրջանակներում պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 214 շահառուի ընդհանուր հաշվով 411,8 մլն. ՀՀ դրամի չափով:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔՆ
ԱՌՈՂՋ ԵՎ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆ Է
ԱՀ-ում մշտական բնակչության, արձանագրված ծնունդների թվաքանակին, կյանքի միջին տևողությանը, ծնելիության գումարային գործակցին, միգրացիայի մնացորդին է անդրադարձել ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության քաղաքականության բաժնի պետ Նունե Ավանեսյանը: Հիշեցնենք, որ ԱՀ ժողովրդագրական և միգրացիայի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն են` ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավմանը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում, կյանքի միջին տևողության ավելացում, վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում, ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում, բնակչության ժողովրդագրական ծերացման ազդեցության հաղթահարում, բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավում, ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում և այլն: Ինչպես Նունե Ավանեսյանը փաստեց` անցած դարի վերջին ԱՀ-ում տեղի ունեցած հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական արմատական փոփոխությունները նշանակալից ազդեցություն ունեցան հասարակական կյանքի բոլոր բնագավառների վրա:
Ի սկզբանե ժողովրդագրական իրավիճակի բարելավումը երկրի Նախագահի և կառավարության կողմից հայտարարվեց պետական քաղաքականության գերակայություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր: Մշակվեցին և կյանքի կոչվեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ստեղծված ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ էր վարել նոր համալիր ժողովրդագրական քաղաքականություն, ինչի նպատակով ԼՂՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 28-ի N 719 որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման և իրագործման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ և միջգերատեսչական աշխատանքային խումբ: Վերջինիս վերապահվեց ժողովրդագրական քաղաքականության առաջին օրենսդրական ակտի` <<ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի>> նախագծի մշակման համակարգումը (ԼՂՀ կառավարության 2010թ. հունվարի 26-ի N 21-Ն որոշում): Հայեցակարգը տալիս է Արցախի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, ներկայացնում ժողովրդագրական այն մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք ծառացած են մեր պետության առջև և նշում են այն ուղիներն ու եղանակները, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովող գործընթացի վրա: Այն նաև հիմնարար փաստաթուղթ է պետական և համայնքային մարմինների համար` ծնելիությանը, առողջությանը, կրթությանը, բնակչության միգրացիայի կարգավորմանը և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրները լուծելիս:
2008թ. հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է նորաստեղծ ընտանիքների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամուսնացող անձի հատկացվում է ամուսնության միանվագ նպաստ 150.0 հազար դրամի չափով: 2018թ. ծրագրից օգտվել է 1587 անձ (2017թ.`1878), այդ թվում ԱՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնող 30 զինծառայողներ (2017թ. 44): 2017թ. համեմատ, նպաստառուների թվաքանակը նվազել է 291-ով, իսկ ծախսերը (2017թ. 281.7 մլն.ՀՀ դրամ) 43.65 մլն. ՀՀ դրամով: Շարունակվել են 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են կապիտալ ներդրումների ծրագրով (առ 01.01.2019թ. հաշվառվել են 336 ընտանիք): Ժողովրդագրական քաղաքականության առանցքային խնդիրներից է նաև ծնելիության խրախուսումը երեխաների կյանքի և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման միջոցով: Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում, շարունակվել է տրամադրվել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ` ելնելով ընտանիքում երեխայի ծննդյան հերթական թվից` 1-ին երեխայի ծննդյան դեպքում 100.0 հազ. դրամ, 2-րդ երեխայի ծննդյան դեպքում 200.0 հազ., 3-րդ երեխայի ծննդյան դեպքում 500.0 հազ., 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 700.0 հազ. դրամ, 6-րդ երեխայի ծննդյան դեպքում նաև բնակարանի հատկացում ընտանիքին: 2018թ.2850 երեխայի ծննդյան կապակցությամբ (2017թ` 2558) հատկացվել է միանվագ նպաստ, որից` 517 երեխաներ 2017թ.ծնվածներ են: ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 831.7 մլն. ՀՀ դրամ (2017թ.` 754.8 մլն. ՀՀ դրամ): 2017թ. համեմատ նպաստառուների թվաքանակն աճել է 83-ով, իսկ ծախսերը 76.9 մլն.ՀՀ դրամով: Շարունակվել է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացումը` 3-րդ երեխայի անվամբ 500.0 հազ.դրամի, 4-րդ և հաջորդ երեխայի անվամբ` 700.0 հազ. դրամի չափով: 2017թ. ձևակերպված նպատակային ժամկետային ավանդները ֆինանսավորվել են 2018թ.առաջին եռամսյակում: <<Արցախբանկ>> ՓԲԸ մասնաճյուղերում բացվել են 862 նպատակային ժամկետային ավանդներ 511.0 մլն ՀՀ դրամի չափով: 2018թ. ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ <<Արցախբանկ>> ՓԲԸ մասնաճյուղերում նպատակային ժամկետային ավանդներ չեն ձևակերպվել կապված ԱՀ պետական բյուջեից ավանդների գումարների չֆինանսավորման հետ: 2008թ. հունվարի 1-ից գործում է նաև չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստների տրամադրման ծրագիրը, որին անդրադառնալով բաժնի պետը փաստեց, որ ծրագրից օգտվել է 1748 չաշխատող կին 440.8 մլն. ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով:
Միգրացիոն քաղաքականության, հայրենադարձության ծրագրերի հետևողական իրագործումն ԱՀ պետական քաղաքականության առանցքային խնդիրներից է, որը մշտապես գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Միգրացիոն գործընթացների հիմնական նպատակը հայրենադարձության ծրագրերի իրականացումն է ու միգրացիոն ներհոսքի խթանումը: Ինչպես Նունե Ավանեսյանը նշեց, ԼՂՀ կառավարության 2003թ. ապրիլի 15-ի թիվ 121 որոշմամբ սահմանված կարգով, 2018թ. հանրապետությունում մշտական բնակություն հաստատած 54 ընտանիքների (219 անձ, որից 114-ը երեխա) տրվել է վերաբնակչի կարգավիճակ և սահմանված արտոնություններ 21,6 մլն. ՀՀ դրամի չափով: 2018թ. Լիբանանի <<Արցախֆոնդ>> հիմնադրամի <<Նոր կյանք, նորհույս>> ծրագրից օգտվել են ԱՀ-ում վերաբնակեցված տարբեր բնակավայրերում երեք և ավելի երեխաներ ունեցող 107 ընտանիքներ, ընդ որում 2018թ. ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16,0 մլն ՀՀ դրամ: Միաժամանակ, 2018թ. ընթացքում <<Նոր կյանք, նորհույս>> ծրագրով հաշվառվել են 147 ընտանիքներ:
Վերջում հետաքրքիր հարցադրումներ կատարեցինք բաժնի պետին, որոնք ներկայացնում ենք ստորև.
-Ինչքան է կազմում ԱՀ մշտական բնակչության թվաքանակը:
-2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի բնակչության թիվը կազմում է 148.000 մարդ:
– 2018թ.ինչքան ծնունդ է արձանագրվել ԱՀ-ում և 2017թ. համեմատ ծնունդների աճ նկատվել է, թե ոչ:
-2018 թ. արձանագրվել է 2328, 2017-ին` 2336 ծնունդ: Եթե համեմատելու լինենք, 8 ծննդով է նվազել:
-Ինչքան է կազմում մորմիջին տարիքն Արցախում երեխայի ծննդյան պահին:
-1-ին երեխայի ծննդի ժամանակ` 26 տարեկան, իսկ միջինը` 27,7:
-Ինչքան է կազմում կյանքի միջին տևողությունն ԱՀ-ում:
-2018 թվականին միջինը կազմել է 75,2: Կանանց մոտ 77,5, իսկ տղամարդկանց մոտ` 72,6: Պարզվում է կանայք ավելի երկարակյաց են:
Էջը պատրաստեց ԼԻՐԱ ՂԱԼԱՅԱՆԸ