Հունվարի 30-ին աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ամփոփվել են 2018թ. կատարած աշխատանքների արդյունքներն ու ներկայացվել 2019թ. ծրագրերն ու գերակա խնդիրները:
Անդրադառնալով 2018թ. կատարած աշխատանքներին՝ նախարարը ներկայացրեց սոցիալական պաշտպանության 50 ավելի ծրագրերով ըստ բնագավառների իրականացրած աշխատանքները: Մասնավորապես.
Ժողովրդագրության և վերաբնակեցման բնագավառում 2018 թվականին 2850 երեխայի ծննդյան կապակցությամբ հատկացվել է 831.7մլն դրամ միանվագ նպաստ: 2017թ. համեմատությամբ (2558 երեխաներ) նպաստառուների թվաքանակը աճել է 292-ով, իսկ ծախսերը՝ 76.9մլն դրամով:
Միաժամանակ շարունակվել է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացումը:
Շարունակվել են 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կառուցման աշխատանքները (2019թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառված են 350 ընտանիքներ):
Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով շարունակվել է նորաստեղծ ընտանիքներին ամուսնության միանվագ նպաստի հատկացման ծրագիրը:
2018 թվականի դրությամբ ծրագրից օգտվել է 1587 անձ (2017թ.՝ 1878), այդ թվում ԱՀ զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնող 30 զինծառայող, և ընդհանուր ծախսը կազմել է 238.05 մլն դրամ:
Պետական նպաստների ծրագրով 2018թ. ծախսվել է 2 մլրդ 706.4 մլն դրամ (2017թ.՝ 2744.5), իսկ նպաստառուների թվաքանակը կազմել է 18906 (2017թ.՝ 18922):
Երեխաների խնամքի և պաշտպանության N1 և N2 գիշերօթիկ հաստատություններում 2018թ. խնամք են ստացել առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների 4 տասնյակից ավելի երեխաներ:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է արցախյան ընտանիքներում 2017թ. ծնված 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ 230 ընտանիքներին 4000-ական ԱՄՆ դոլարի տրամադրման գործընթացը:
Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության տարածքում մշտական բնակություն է հաստատել 54 ընտանիք՝ 219 մարդ, որոնցից 114-ը՝ երեխաներ: Այդ ընտանիքներին տրամադրված ֆինանսական արտոնությունները կազմել են 21.6 մլն դրամ:
Ուսումնասիրվել են 10 տարի ԱՀ–ում մշտապես բնակված 180 վերաբնակ ընտանիքների գործեր, որոնցից 101 ընտանիքներին հատկացված տներն սեփականաշնորհվել են:
Լիբանանի Արցախֆոնդի «Նոր կյանք, նոր հույս» ծրագրից օգտվել են վերաբնակեցվող բնակավայրերում 3 և ավելի երեխաներ ունեցող 107 ընտանիքներ:
Միաժամանակ 2018 թվականի ընթացքում «Նոր կյանք, նոր հույս» ծրագրում հաշվառվել են 147 ընտանիքներ:
Աշխատանքի և զբաղվածության բնագավառում իրականացվել են հանդիպումներ 694 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել են 703 թափուր աշխատատեղեր:
Աշխատանքի է տեղավորվել 140 անձ:
Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են 24 գործատուներ, ներկայացնելով 490 թափուր աշխատատեղեր:
2019թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված գործազուրկների թիվը կազմում է 1518 անձ:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով Արցախի Հանրապետության 13 համայնքներում իրականացվել է 13 ծրագիր՝ 68 գործազուրկների ընդգրկմամբ:
«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով ԱՀ Մարտունի քաղաքում կազմակերպվել է «Դերձակ» մասնագիտությամբ մասնագիտական ուսուցման դասընթացներ՝ 19 գործազուրկների մասնագիտությամբ: Ծրագրի ավարտից հետո դասընթացներին մասնակցած մասնագետները ստացել են համապատասխան վկայականներ:
«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրով կնքվել են 5 եռակողմ պայմանագրեր:
Կենսաթոշակային ապահովության բնագավառում 2018թ. կենսաթոշակ է նշանակվել 1447 հոգու, վերահաշվարկվել է 3226 կենսաթոշակային գործ:
2018թ. վճարվել են 12.3 մլրդ դրամ կենսաթոշակներ, 744.6 մլն դրամ պարգևավճարներ և դրամական օգնություններ, 23.9 մլն դրամ պատվովճարներ:
Աշխատանքային և սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 22005 անձ:
2018թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 42.9 դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 18.3 դրամ:
2018թ. մայրության նպաստ է ստացել 1748 չաշխատող կին՝ 440.8 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով:
1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովը հաստատել է 7 անձանց աշխատանքային ստաժը:
Հաշմանդամների և տարեցների բնագավառում 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված է 8813 հաշմանդամ (2018 թ հունվարի 1-ի դրությամբ՝ 8854), որոնցից 402-ը՝ հաշմանդամ երեխա: Հաշվառված հաշմանդամներից 2366–ի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել ԱՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում (26.8 %):
Առաջին անգամ փորձաքննվել է 364 անձ, որոնցից հաշմամդամ են ճանաչվել 280-ը (76.9 %):
Վերափորձաքննվել է 1035 անձ: Իրականացվել է 20 արտագնա փորձաքննություն:
Վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ընթացքում 274 հաշմանդամի խորհուրդ է տրվել ստանալ առողջարանային բուժում, 223 հաշմանդամի տրվել է վերականգնողական տեխնիկական միջոցների ստացման իրավունք, 890 հաշմանդամի վերաբերյալ լրացվել է աշխատանքային պայմանների և բնույթի մասին մասնագիտական եզրակացություն:
Հաշվետու ժամանակաշրջանում 53 հաշմանդամի համար պատրաստվել է ոտքի և այլ տեսակի պրոթեզներ, վերանորոգվել՝ 69-ը: 31 կանանց հատկացվել է կրծքագեղձի պրոթեզ, 195 հաշմանդամի՝ հենակներ, 104 քաղաքացու՝ ձեռնափայտեր:
56 հաշմանդամների հատկացվել են թիկնասայլակներ: Լսողական խանգարումներ ունեցող 168 քաղաքացիների հատկացվել են լսողական սարքեր:
Պետական բյուջեի միջոցների հաշվին ԱՀ ում բնակվող սոցիալական տարբեր խմբերի պատկանող 407 քաղաքացիներ ուղեգրվել են ՀՀ–ում գործող առողջարաններ:
2018թ. վերականգնողական բուժման նպատակով մանկական ուղեղային կաթված ախտորոշումով 13 հաշմանդամ երեխաներ ուղեգրվել են Ջերմուկի մոր և մանկան մասնագիտացված առողջարան:
Սոցիալական այլ ծրագրերի բնագավառում դրամական և նյութական օժանդակության հարցերով նախարարություն դիմած 2508 քաղաքացիների հատկացվել է 89.8 մլն դրամ ֆինանսական,իսկ 2418 քաղաքացու՝ նյութական օգնություն:
ԱՀ-ում բնակվող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, զոհվածների այրիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, հիշարժան օրերի կապակցությամբ հատկացվել է 204,9 մլն ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն:
Հայրենական նեծ պատերազմում տարած հաղթանակի 73-ամյակի, Շուշիի ազատագրման 26-ամյակի և մայիսի 9-ի կապակցությամբ ՀՄՊ մասնակիցներին, հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, թվով 45 հոգի, տրամադրվել է 100 հազարական, իսկ ՀՄՊ մասնակիցներին ու հաշմանդամներին հավասարեցված ահձանց թվով 127 հոգու՝ 50 հազարական դրամ:
2018թ. Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից տրամադրվել է.
– Հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելւ նպատակով պետական ֆինանսական աջակցություն ծրագրով-743,4 մլն ՀՀ դրամ
– ԱՀ գյուղական կամ քաղաքային, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ծրագրով-218,4 մլն ՀՀ դրամ
– ԱՀ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Տոնաշեն համայնքներում փաստացի բնակվող անձանց կողմից օգտագործած էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցություն ծրագրով-118,3 մլն ՀՀ դրամ:
Բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով և փախստականի հաշվառման վկայական ստացած վարձակալական հիմունքներով բնակվող 119 ընտանիքների բնակարան վարձակալելու նպատակով տրամադրվել է 56,2 մլն ՀՀ դրամ ֆինանսական օգնություն:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 9 անձանց հատկացված բնակարանները կահավորվել են՝ յուրաքանչյուրը 2,5 մլն դրամի չափով:
Ընտանիքների կարիքավորության գնահատման ծրագրով իրականացվել են մասնագետների այցելություններ հանրապետության համայնքներ, կազմակերպվել սեմինարներ համայնքների քարտուղարների, Ստեփանակերտ քաղաքի թաղային կոմիտեների ներկայացուցիչների հետ:
Ընթացքում է համայնքներից, ինչպես նաև այլ մարմիններից հավաքագրվող տեղեկությունների մշակման և համակարգ մուտքագրման աշխատանքները:
Մոնիթորինգի և վերահսկողութան բնագավառում 2018 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել են «Արցախի Հանրապետության Ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություններ. զարգացման ուղիներ» և «Արցախի Հանրապետության գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրություն» հետազոտությունների շնորհանդեսները:
Բարեգործական ծրագրերի բնագավառում հաշվետու ժանամակաշրջանում հրավիրվել է Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 29 նիստ և ընդունվել 145 որոշում, որից 62 որոշում՝ ծրագրերը բարեգործական որակելու մասին (2 մլրդ 344.2 մլն ՀՀ դրամ):
Ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերն ունեն հետևյալ պատկերը
- Սոցիալական 52 %
- Կրթություն 30 %
- Ջրամատակարարում 45 %
- հոգևոր 83 %
- մշակույթ 24 %
- ճանապարհաշինություն 54 %
- առողջապահություն 4 %
- սպորտ 02 %
Փաստաթղթաշրջանառության բնագավառում կազմակերպվել է նախարարությունում 2018թ. ստացված 8670 գրությունների (որից՝ 6757-ը քաղաքացիներից) միասնական շարժը:
Նախարարությունից ելքագրվել է 7631 փաստաթուղթ:
Կազմակերպվել է նախարարի 51 ընդունելություն: Ֆինանսական օգնության տրամադրման, աշխատանքի, հաշմանդամության և այլ հարցերով դիմած 519 քաղաքացիների հուզող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ:
Նախարարը կարևորել է նաև պետական մարմինների հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը:
2019թ. կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամութան, տարեցների, կանանց և երեխաների հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառում բարեփոխումների, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդնման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Շարունակական կլինեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը:
Մասնավորապես, 2019թ. հունվարի 1-ից փոփոխությունների կենթարկվի ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը. կվերանայվեն պետական նպաստների չափերը և դրանց հաշվարկման կարգերը:
Վերաբնակեցման և միգրացիոն քաղաքականության բնագավառում նախատեսվում է վերաբնակեցման քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամգրագրումը:
Կակտիվացվի հայրենադարձության գործընթացը՝ շեշտադրում կատարելով սփյուռքահայության հետ կապերի ամրապնդմանն ու հայրենադարձության բնագավառում վերջինիս դերի բարձրացմանը:
Կշարունակվեն ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» և «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգերի շահագործումը:
Ընթացքում է «Նպաստ» տեղեկատվավերլուծական համակարգի ներդնման աշխատանքները:
Կենսաթոշակային ապահովության բնագավառում նախատեսվում է ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ (25 500դրամ): Ծրագրից կօգտվեն ավելի քան 3300 շահառու, որի համար 2019թ. պետական բյուջեից կհատկացվի 251.1 մլն դրամ:
2019թ. հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում և այլ ծրագրեր:
Վերջում Ս.Ավանեսյանը պատասխանել է լրագրողների առաջադրված հարցերին: