Անցած տարում 407 քաղաքացիներ ստացել են առողջարանային ուղեգրեր

2019 թվականին հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամների հաշվառման շտեմարանում հաշվառված է 8813 հաշմանդամ (2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 8854), որոնցից 402-ը՝ երեխա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ հաշվառված հաշմանդամներից 2366–ի մոտ հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերվել ԱՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում (26.8 %):
Նախարարի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ փորձաքննվել է 364 անձ, որոնցից հաշմանդամ են ճանաչվել 280-ը (76.9 %): Վերափորձաքննվել է 1035 անձ: Իրականացվել է 20 արտագնա փորձաքննություն:
«Հաշմանդամության բնագավառում վարվող քաղաքականությունն ու պետական նպատակային ծրագրերն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար հավասար հնարավորությունների ու մատչելի պայմանների ապահովմանը: Վերականգնողական անհատական ծրագրերի կազմման ընթացքում 223 հաշմանդամի տրվել է վերականգնողական տեխնիկական միջոցների ստացման իրավունք, 890 հաշմանդամի վերաբերյալ լրացվել է աշխատանքային պայմանների և բնույթի մասին մասնագիտական եզրակացություն»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում 53 հաշմանդամի համար պատրաստվել է ոտքի և այլ տեսակի պրոթեզներ, վերանորոգվել՝ 69-ը: 31 կանանց հատկացվել է կրծքագեղձի պրոթեզ, 195 հաշմանդամի՝ հենակներ, 104 քաղաքացու՝ ձեռնափայտեր: 56 հաշմանդամների հատկացվել են թիկնասայլակներ: Լսողական խանգարումներ ունեցող  168 քաղաքացիների հատկացվել են լսողական սարքեր:
Պետական բյուջեի միջոցների հաշվին Արցախում բնակվող սոցիալական տարբեր խմբերի պատկանող 407 քաղաքացիներ ուղեգրվել են ՀՀ–ում գործող առողջարաններ:
2018 թ.-ին վերականգնողական բուժման նպատակով «Մանկական ուղեղային կաթված» ախտորոշումով 13 հաշմանդամ երեխաներ ուղեգրվել են  Ջերմուկի Մոր և մանկան մասնագիտացված առողջարան:
ԿԻՍՎԵԼ