2018 թվականին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության գործունեությունն ուղղված էր սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության և հասցեականության բարձրացմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ոլորտում սոցիալական երաշխիքների համակարգի զարգացմանն ու ընդլայնմանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը` մանրամասնելով, որ, չնայած անցնող տարվա բարդություններին, նախարարությունն իրականացրել է բոլոր նախանշված ծրագրերը և 2018 թվականի գործունեությունը համարում է բավարար:
«Տարին գերատեսչությունում առանձնահատուկ էր այն առումով, որ փաստորեն 2018 թվականին երևացին նախորդ տարիների մեր մտահղացումների և աշխատանքի արդյունքները: Մասնավորապես` ամբողջությամբ շահագործվել է կենսաթոշակառուների հաշվառման «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, ներ է դրվել «Նպաստ» տեղեկատվական համակարգը, շարունակվել են ընտանիքների կարիքավորության գնահատման աշխատանքները, քայլեր են ձեռնարկվել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ, որի նպատակն է սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ ու մատչելի, իր կարիքներին համարժեք «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրումը: Անցնող տարում իրականացվել են նաև «ԱՀ ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիներ» և «ԱՀ գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրություն» հետազոտություններն ու կազմակերպվել դրանց շնորհանդեսները»,- նշել է Ս. Ավանեսյանը:
Նրա խոսքով` ընթացիկ տարում նախարարության աշխատակազմի մեջ են ընդգրկվել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները, բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը, որը հնարավորություն է տվել ավելի հասցեական դարձնել սոցիալական պաշտպանության որոշ ծրագրեր: Բացի դրանից, պարենային աղքատության հաղթահարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նվազագույն կենսաթոշակի չափը (25500 դրամ) սահմանելու վերաբերյալ օրինագծի փաթեթը:
Գալիք տոների կապակցությամբ Սամվել Ավանեսյանը շնորհավորել է համայն հայությանը` մաղթելով երջանկություն, նորանոր հաջողություններ և որ արցախյան յուրաքանչյուր ընտանիքում հնչի մանկան խինդն ու ծիծաղը: