ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր։
Նախարարի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում էր։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված երկուստեք ընդունելի տարբերակաները։
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նախարար Մանե Թանդիլյանին և նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանին ներկայացրեց կարիքավորության գնահատման նոր «Արցախ» համակարգն ու դրա առանձնահատկությունները։
«Մենք երկու երկրներում առկա համակարգերը նույնարկելու խնդիր ունենք։ Ոլորտային սերտ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, ուստի ապագայում մեր համագործակցությունը պետք է շարունակենք այդ մոտեցմամբ՝ մոտարկել օրենսդրական դաշտը՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները»,- նշեց Մանե Թանդիլյանը։