Կայացել է hայկական զույգ հանրապետությունների համատեղ աշխատանքների արդյունքում <<Արցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիներ>> հետազոտության թեմայով շնորհանդեսը

Հուլիսի 24-ին կայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի ժողովրդագրության և միգրացիայի վարչության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ>> ՊՈԱԿ-ների հետ համատեղ իրականացված <<Արցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիներ>>  թեմայով հետազոտության շնորհանդեսը:

Հայկական զույգ հանրապետության մասնագետները ուսումնասիրել են  ԱՀ ժողովրդագրական հիմնախնդիրները:

Ժողովրդագրական վիճակի և զարգացումների համակարգված ուսումնասիրությունը և զարգացման քաղաքականության լուծումների բացահայտումը Արցախի Հանրապետությունում խիստ կարևորություն ունեցող հիմնախնդիր է՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքերի և անվտանգության ապահովման հետ, ինչի կապակցությամբ էլ երկու հայկական հանրապետությունների գործընկեր կառույցների միջև կնքված համագործակցության շրջանակներում իրականացվել է վերոնշյալ հետազոտությունը:

Հետազոտությունը իրականացնելու համար մշակվել են երկու հարցաթերթ` ԱՀ պետական և ոչ պետական հատվածի պաշտոնատար անձանց հետ փորձագիտական հարցումներ անցկացնելու, որն իրականացվել է առցանց եղանակով, ինչպես նաև բնակչության շրջանում ընտրանքային քանակական հարցումների անցկացման համար, որոնք անց են կացվել  տնային տնտեսությունների չափահաս անդամների շրջանում դեմ-դիմաց հարցման միջոցով:

Հետազոտության նպատակն էր բացահայտել այն առավել կարևոր գործոնները, որոնք կարող են ազդել ԱՀ-ում ժողովրդագրական իրավիճակին, մասնավորապես բնակչության թվի ավելացմանը, զբաղվածության, ծնելիության խթանման հետ կապված խնդիրները, միգրացիոն տրամադրվածությունը և այլն: Հետազոտման ընթացքում ուսումնասիրվել է նաև ընտանիքներում չափահաս անդամների չամուսնանալու պատճառները, ինչպես նաև համապարփակ վերլուծության են ենթարկվել ընտանիքներում երեխաների հիմնախնդիրները:

Հետազոտության արդյունքները ամփոփելուց հետո ուսումնասիրվել և վեր են լուծվել ժողովրդագրական գործոնների փոփոխության պատճառահետևանքային կապերը: Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանը նշել է, որ սա թվով 4-րդ համատեղ աշխատանքն է: <<Խնդիրների մասին խոսել, բարձրաձայնել, իհարկե, մենք ոչ մի նորություն չենք ասում, բայց մենք ուսումնասիրության արդյունքում ուղղակի կարողանում ենք հասկանալ այդ խնդիրների մեծությունը և ըստ դրան, եթե հաջողվի, եթե ցանկություն կամ կամք լինի նաև փորձել մեր քաղաքականության մեջ հետագայում այդ ամեն ինչը հաշվի առնել>>,- նշեց Ս.Ավանեսյանը:

ԿԻՍՎԵԼ