Ներկայացնում ենք ասուլիսի մասին ամփոփ տեղեկատվություն

Վերջին երկու տարիներին մենք առավել մեծ ուշադրություն ենք դարձրել մեր քաղաքացիների սոցխնդիրների լուծմանը: Այսպես, 2009թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են ԼՂՀ պետական բյուջեի ծախսերի 27,2%-ը կամ մոտավորապես 16,0 մլրդ դրամ, 2008թ. համեմատ ավելանալով շուրջ 17.4%-ով: Ընդամենը 5 տարի առաջ` 2004թ. ամբողջ պետական բյուջեն կազմում էր 14.5 մլրդ դրամ: Սոցիալական ապահովության ոլորտում որդեգրած քաղաքականությունը բնորոշվում է 2 հիմնական գերնպատակներով. դա ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումն է: Ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը ԼՂՀ Նախագահի և կառավարության կողմից  հայտարարվել էր պետական քաղաքականության գերակայություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր, շարունակել է մնալ նախարարության գործունեության առանցքում:
Նախարարության կողմից արդեն մշակվել և կառավարության առաջիկա նիստում քննարկման կներկայացվի ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Այն իշխանության պետական և համայնքային մարմինների հիմնարար փաստաթուղթը կդառնա` ծնելիությանը, առողջությանը, կրթությանը, միգրացիային և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող խնդիրները լուծելիս:

Որպես պետության կողմից որդեգրված` ժողովրդագրական իրավիճակի բարելավման համալիր ծրագրերի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ է դիտարկվում հանրապետությունում իրականացվող միգրացիոն քաղաքականությունը: Մասնավորապես, 2009թ. աշխատանքներ են տարվել Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, դրանց բնակտարածքով ապահովման աշխատանքների արդյունավետության բարձրացման, զբաղվածության և մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Անելիքներն այս ոլորտում բավական շատ են և պահանջում են բոլոր շահագրգիռ կառույցների (այդ թվում` ոչ միայն հանրապետության ներսում գործող) համալիր աշխատանք: Ակնկալում ենք, որ ի դեմս հայրենադարձների կունենանք ոչ թե սոցիալապես անապահով խավ, այլ տնտեսական ներուժ: 2008-2009թթ. ընթացքում ԼՂՀ է տեղափոխվել 311 ընտանիք 1054 անդամներով (2009թ.` 139 ընտանիք, 487 անդամ):

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում կցանկանայի անդրադառնալ ընտանիքի և երեխաների հիմնահարցերին:
Շնորհիվ ամուսնությունների խրախուսման նպատակով 2008թ. հունվարի 1-ից ներդրված ամուսնության նպաստի ծրագրի, 2009թ-ին ամուսնությունների թիվը կազմել է 947, որը չհաշված 2008թ-ի աննախադեպ ցուցանիշը (3057), անկախության ձեռքբերումից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Ամուսնությունների թիվը այդ տարիներին կազմում էր միջինում տարեկան 740 ամուսնություն:
Որպես նորույթ, 2009թ-ից ամուսնության նպաստից օգտվելու հնարավորություն տրվեց նաև ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայություն անցնող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ամուսնացել են ԼՂՀ քաղաքացիների հետ: Ծրագրից օգտվել  է զինծառայողի` 20 նորաստեղծ ընտանիք:

Շնորհիվ ծնունդների խրախուսման նոր համակարգի, ողջունելի է, որ 2009թ. նախնական տվյալներով հանրապետությունում ծնվել է 2821 երեխա: Այս ցուցանիշը գերազանցում է 2008թ. ցուցանիշը 403-ով կամ 16.7%-ով, իսկ 2007թ. (2007թ.` 2145, 2008թ.` 2418)` 676-ով կամ շուրջ 31.5%-ով: Խորհրդային տարիներին 1000 բնակչին բաժին էր ընկնում 22 ծնունդ, հետպատերազմյան տարիներին այդ ցուցանիշը միջինում կազմել է 15, իսկ 2009թ-ին 19 ծնունդ:
2009թ. հունվարի 1-ից բարձրացել է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմելով 100.0 հազ. դրամ (2008թ.` 70 հազ. դրամ): 2010 թվականին կշարունակվի ծնունդների խրախուսման ծրագիրը, դեռ ավելին, հունվարի 1-ից 2-րդ երեխայի ծնվելու դեպքում նպաստի չափը կկազմի 200.0 հազ. դրամ:
Ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ 2009թ. ընդհանուր առմամբ բացվել են 823 (2007թ.` 495, 2008թ.` 708) ժամկետային ավանդներ: Այս ցուցանիշը ավելի քան 16%-ով (16.2%) գերազանցում է 2008թ. ցուցանիշը և 66.3%-ով` 2007թ. ցուցանիշը: Այս ցուցանիշը ամենաբարձրն է սկսած ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մեկնարկման պահից (2000թ-ից):
Արդեն 2-րդ տարին է, ինչ երեխաների հիմնահարցերը կարգավորող նոր ընդունված օրենքի շրջանակներում մշակվում և կյանքի են կոչվում երեխաների իրավունքների պաշտպանության ամենամյա ծրագրերը: Ըստ այդմ 2009թ. հունվարի 1-ից ավելի քան 2 անգամ բարձրացվել են հաշմանդամ և միակողմանի ծնողազուրկ երեխաներին վճարվող նպաստների չափերը, շուրջ 70%-ով ավելացել է  1-ին խմբի հաշմանդամների, 50%-ով` առանց ծնողական խնամքի մնացած, 20%-ով` ալիմենտ ստացող, ժամկետային զինծառայողների երեխաներին վճարվող նպաստները, ինչպես նաև պետական նպաստներ են սկվել տրամադրվել մինչև 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերին: Ընդլայնվել են տարբեր ոլորտներում (կրթություն, մշակույթ, սպորտ) երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերը:
Նախարարության կողմից իրականացվել է առանց ծնողական խնամքի մնացած 65 երեխաների կենտրոնացված հաշվառումը: Այս երեխաներին 18 տարին լրանալու դեպքում, ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է 1 սենյականոց բնակարան և 2.0 մլն դրամի սահմաններում իրականացվում է դրանց կահավորումը:

Վերանայվել է պետական նպաստների համակարգը: Ներդրվել է պետական նպաստների հաշվարկման նոր սկզբունք (սահմանվել են պետական նպաստի բազային չափեր և դրանց բազմապատիկ գործակիցներ): Ընդլայնվել և առավել մատչելի է դարձվել պետական նպաստներից օգտվողների շրջանակը: Մասնավորապես, ի տարբերություն նախորդ տարիներին 2009թ-ից պետական նպաստ է նշանակվում նաև այն անձանց, ում ծնողներից գոնե մեկը ունի ԼՂՀ մշտական հաշվառում:
Որպես նորույթ, 2009 թվականի հունվարի 1-ից նպաստ են ստանում նաև 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ:
Ընդհանուր առմամբ պետական նպաստների գծով 2009թ. ծախսվել է շուրջ 2.2 մլրդ դրամ, 2008թ. համեմատ ավելանալով 780.0 մլն դրամով կամ 53.4%-ով, իսկ նպաստառուների թվաքանակը կազմել է շուրջ 19800 հոգի (2008թ.` 19735):
Շարունակվել է չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստների տրամադրման ծրագիրը: 2009թ. ծրագրից օգտվել է 1842 չաշխատող մայր, 2008թ. 1728-ի դիմաց:

Այս ամենը վկայում է, որ անկասկած մեր ժողովուրդը պետք է ունենա բարձր կենսամակարդակ, աշխատելու և արարելու հնարավորություն և արժանավայել ծերություն:

Արդեն 2-րդ տարին է, ինչ նախարարությունը զբաղվում է բնակարանային ծրագրերի համակարգման հարցերով: Նշեմ, որ 2008թ. մեզ են դիմել բնակարանային պայմանների բարելավման, վերակառուցման, նոր բնակարանների կառուցման հարցերով շուրջ 1000, իսկ 2009թ.` 1200-ից ավել քաղաքացի:
Վերջին երկու տարիների ընթացքում բնակշինարարությունը հանրապետությունում բավական մեծ թափ է ստացել: Պետական ծրագրերի շրջանակներում 2008-2009թթ. բարելավվել են (բնակապահովում, բնակվերանորոգում և այլն) 230 արտոնյալ խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանները: Մեծ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը: Առաջիկա տարիներին կարձանագրենք այդ ծրագրի ամբողջական ավարտը:
Չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամային իրադրությանը, 2009թ. լրիվ ծավալով ապահովվել են կենսաթոշակային վճարումները:
2009թ. հունվարի 1-ից ապահովագրական կենսաթոշակի միջին չափը 2008թ. համեմատ բարձրացվել է շուրջ 15.0%-ով` կազմելով 27 700 դրամ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել կենսաթոշակային բարեփոխումներիիրականացման ուղղությամբ:
Մշակման փուլում է գտնվում կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգը: Բարեփոխումների արդյունքում, ԼՂՀ կենսաթոշակային ոլորտը ներկայիս գործող բաշխողական համակարգին զուգահեռ կունենա կուտակային կենսաթոշակային բաղադրիչ: Բարեփոխումների ընթացքում պետք է լուծվի հետևյալ հիմնական խնդիրը. սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից պետք է անցում կատարվի դեպի ինքնաֆինասնավորվող կենսաթոշակային համակարգ: Նախատեսվում է 2011թ-ից Հայաստանի Հանրապետության հետ զուգահեռ անցնել նոր կենսաթոշակային համակարգի, ինչը ենթադրում է լայնածավալ և լարված աշխատանք ամբողջ 2010թ. ընթացքում:

Աշխատանք փնտրող անձանց թվաքանակը  2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3751 մարդ (2008թ.` 3690) (2008թ. համեմատ աճել է 1,7%-ով): Նրանց մեծ մասը` 92.5%-ը (կամ 3470-ը) կանայք են: Գործազրկության մակարդակը 2009թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 5.5%` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով:
Չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճ•նաժամին, միայն 2009թ. հանրապետությունում ավելի քան 1500 աշխատատեղեր են բացվել:
Գործատուների հետ համագործակցության շնորհիվ 2009թ. աշխատանքի է տեղավորվել 165 մարդ, որից 142-ը` գործազուրկ:
Պետական բյուջեի միջոցներով գործազուրկների համար կազմակերպվել են մասնագիտական ուսուցման դասընթացներ` աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով: (“համակարգչային հաշվապահություն”` 41 գործազուրկ, “համակարգչային գործավարություն”` 16 գործազուրկ),
Բժշկական համակարգը, մանավանդ հեռավոր բնակավայրերում, բժիշկ կադրերով համալրման նպատակով մեկնարկել է մասնագետներին խրախուսման և սոցաջակցության մի նոր ծրագիր ևս: Այս ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել արդեն 3 տասնյակ բժիշկների:

2009թ-ին աշխատանքի պետական տեսչության կողմից շարունակվել են մեթոդական խորհրդատվությունները և ոլորտային ստուգումները:
Քաղաքացիներից ստացվել է 40-ից ավելի դիմում-բողոք` աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի առանձին դրույթների վերաբերյալ: Աշխատողների խախտված իրավունքների վերականգնման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, բոլոր դիմում-բողոքները բավարարված են:
Տեսչական աշխատանքների ընթացքում 2009թ. վերականգնվել է շուրջ 2.0 մլն դրամի չափով արձակման նպաստ, 30.5 մլն դրամ ընդհանուր գումարով աշխատողների չհաշվարկված աշխատավարձը:

Սոցիալական աջակցություն. հաշմանդամների լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովելու, նրանց հասարակություն ինտեգրելու նպատակով կառավարության հաստատմանն էր ներկայացվել Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009-2015 թվականների ռազմավարությունը, որտեղ ամրագրվել են հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, նախանշվել նոր ծրագրեր: Ընդլայնվել են հաշմանդամներին տրամադրվող ծառայությունները:
Հատկացվել են առողջարանային բուժման, հանգստյան տների ուղեգրեր, ինչպես նաև կազմակերպվել է ողնաշարային հիվանդությամբ տառապող 1-ին խմբի հաշմանդամների բուժումը Ուկրաինայի Սակի քաղաքի մասնագիտացված առողջարանային կլինիկայում, իրականացվել են տարբեր տեսակի պրոթեզավորման աշխատանքներ, տրամադրվել են լսողական սարքեր, թիկնասայլակներ, հենակներ և այլ պարագաներ:
Որպես նորույթ, տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների համար  “Արև” ծրագրի շրջանակներում կազմակերպվել են համակարգչին տիրապետելու ուսուցման երկշաբաթյա դասընթացներ և նրանց  հանձնվել են դասընթացներն ավարտելու մասին վկայականներ, համակարգչային տեխնիկա:
2009թ. բարեգործական ծրագրերի շրջանակներում ԼՂՀ պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի 14 հաշմանդամներին տրամադրվել են ձեռքի կառավարման ավտոմեքենաներ: 2 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում պետբյուջեի և բարեգործական միջոցների հաշվին 39 հաշմանդամներին ավտոմեքենաների տրամադրմամբ մենք ավարտել ենք այս ծրագրի 1-ին փուլը:
Տարվա ընթացքում կազմակերպվել է ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքը` ստացիոնար և տնային պայմաններում (“Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ում` 77, տնային պայմաններում` 150):

Այս համատեքստում աջակցության ծրագրերին զուգահեռ ԲՍՓ կենտրոնի կողմից 2009թ. փորձաքննվել են շուրջ 3800 քաղաքացիներ, որոնցից հաշմանդամ են ճանաչվել 3125–ը (82.3%):
Առաջնակի փորձաքննվել և հաշմանդամ են ճանաչվել շուրջ 500 քաղաքացիներ (2008թ.` 640):
Կրկնակի փորձաքննվել և հաշմանդամ են ճանաչվել շուրջ 2630 քաղաքացիներ:
Ռեաբիլիտացիայի արդյունքում 1040 հաշմանդամների մոտ վերանայվել է հաշմանդամության խումբը (2008թ.` 211, 2007թ.` 11) (2008թ-ի համեմատ` 5 անգամ ավելի):
Ոլորտում հասցեականությունը բարձրացնելու և սոցիալական արդարություն ապահովելու նպատակով արդեն իսկ սահմանված հաշմադամության խմբերի օրինականության ու հիմնավորվածության հարցը պարզելու համար սոցիալական ապահովության և առողջապահության նախարարությունների համակարգերում աշխատող հաշմանդամների շրջանում հսկողական փորձաքննություն է իրականացվել: Արդյունքները մտահոգության տեղիք են տվել: 2010թ-ին ևս հսկողական փորձաքննությունները պետական համակարգի հաշմանդամ աշխատողների նկատմամբ շարունակական  կլինեն:
Անկասկած, պետք է լինենք հետևողական և պետք է կարողանանք փոխել մեր, և ընդհանրապես հասարակության մոտ արմատավորված կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ:
2009թ. հրավիրվել է ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի (ԼՂՀ ԿԲԾՀՀ) 17 նիստ և ընդունվել  76 որոշում:
Տարվա ընթացքում բարեգործական են որակվել 38 ծրագրեր` 1.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Այդ ծրագրերը հիմնականում վերաբերվում էին դպրոցաշինությանը, դպրոցների և մանկապարտեզների կահավորմանը, ճանապարհաշինությանը ջրամատակարարմանը, սպորտի բնագավառին, դեղորայքների, բուժսարքավորումների բաշխմանը և այլն:
2009թ-ին տարբեր պետություններից բարեգործական կարգով ընդունվել է ապրանքների 20 խմբաքանակ` ավելի քան 270.0 մլն դրամ արժողությամբ:
Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել տարբեր հիվանդություններով տառապող մանուկների ու պատանիների, ինչպես նաև I-ին խմբի ողնաշարային հիվանդությամբ հաշմանդամներին (12000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամի չափով) համապատասխան բուժօգնության կամ բուժզննության կազմակերպման համար:

Տարին աշխույժ էր ԼՂՀ և ՀՀ համագործակցության առումով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համագործակցության շրջանակներում կատարվել են փոխայցելություններ, ստորագրվել համագործակցության համաձայնագրեր:
2009թ. հոկտեմբերին տեղի է ունեցել նախարարության կայքէջի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ից հրավիրված ներկայացուցիչներ:
2009թ. առաջին եռամսյակում ԼՂՀ-ում մեկնարկել են սոցիալական ապահովության ոլորտն ընդգրկող ամենամսյա` “Սոցիում”  և  “Հայացք”  հեռուստառադիոծրագրերը:

Որ պետական  իշխանության հանդեպ քաղաքացիների վստահությունը մեծացել է,  վկայում է նրանց կողմից տարբեր սոցիալական հարցերով սոցապ. նախարարությանը ներկայացվող դիմումների քանակը: Վերջին 2-3տարիների ընթացքում դրանց թիվը 2500-ից հասել է մինչև 5500-ի:
Անցած երկու տարիները բավական հագեցած էին նախարարության իրավական նախաձեռնությունների առումով. 150-ից ավելի իրավական ակտեր են մշակվել, որից 40-ը` 2009թ.:
Կյանքի են  կոչվել մեկ տասնյակից ավելի բոլորովին նոր սոցծրագրեր:
Վերջում կցանկանայի նշել, որ սոցիալական ոլորտի ռազմավարական որոշումների կայացման կողմնորոշիչը եղել և մնում է մարդու բարեկեցությունը և սոցիալական զարգացումը:

 

 

ԿԻՍՎԵԼ