Նախարարի ելույթը

20-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունները` խորհրդային կարգերի փլուզումը, Արցախյան պատերազմը, արտահոսքը, տնտեսական շրջափակումը արմատապես փոխեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական կյանքը, ինչպես նաև խաթարվեց հանրապետության ժողովրդագրական բնականոն իրավիճակը: Փոխվեցին հասարակական բոլոր հարաբերությունները, բարդացավ հանրապետության սոցիալական իրավիճակը: Պետությունն ու հասարակությունը ծանր կացության մեջ ընկան:
Ողջ պատերազմի ընթացքում Արցախի բնակչության մի մասը ստիպված տեղահանվեց: Մարդիկ իրենց ընտանիքներով գաղթում էին հանրապետության այլ բնակավայրեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն և արտերկիր: Այս ամենի ընթացքում ժողովուրդը կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը: Տեղահանվածների մի մասն այլևս չվերադարձավ հայրենիք: Այս իրադարձությունները զուգորդվեցին Ադրբեջանի Հանրապետությունից մազապուրծ և թալանված փախստականներ ընդունելու խնդրով և երկիրը կանգնեց նրանց ապրելու նոր հնարավորություն տալու փաստի առջև, ինչը, իհարկե, մեծ ծախսեր էր պահանջում երկրի համար դժվար, օրհասական պահին:
1991-1994թթ-ին հազարավոր մարդկային կորուստներ եղան, որոնց գերակշիռ մասը աշխատունակ տարիքի տղամարդիկ էին: Ի դեմս նրանց` հասարակությունը կորցրեց և սերնդատուներ, և աշխատուժ: Այլ խոսքով` նշանակալիորեն փոխվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակը, ինչը մեր պետության և ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է:
Վերջին հարյուրամյակում Լեռնային Ղարաբաղում բնակչության առավելագույն թվաքանակ է արձանագրվել 1989թ.` ավելի քան 189.0 հազ. մարդ, 1995թ-ին` պատերազմից հետո այդ ցուցանիշը կազմել է 122.6 հազ. մարդ: 2005թ. մարդահամարի տվյալներով ԼՂՀ բնակչությունը կազմել է 137.7 հազ. մարդ: Այսինքն հետպատերազմյան 10 տարիներին Արցախի բնակչությունը աճել է ընդամենը 15.1 հազ. մարդով կամ 12.3%-ով:
Հիշատակված արտակարգ երևույթները իրենց բացասական ազդեցությունն ունեցան բնական վերարտադրության գործընթացների վրա: Եթե խորհրդային տարիներին 1000 բնակչին բաժին էր ընկնում 22 ծնունդ, հետպատերազմյան տարիներին այդ ցուցանիշը միջինում կազմել է 15 ծնունդ: Ծնունդների մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել առաջին և երկրորդ ծնունդները: Այսինքն, 3-4 երեխաներով ընտանիքի մոդելը փոխարինվել է 2-3 երեխաներով ընտանիքի մոդելով:
1995թ-ին 1000 բնակչի հաշվով մահացությունը կազմել է 9.8 պրոմիլ: 1995-2007թթ. մահացության ցուցանիշը միջինում տարեկան կազմել է 9.1 պրոմիլ կամ տարեկան ավելի քան 1200 մարդ:
Նույն ժամանակահատվածում ամուսնությունները 1000 բնակչի հաշվով միջինում կազմել են 5.6 պրոմիլ կամ տարեկան շուրջ 740 դեպք, իսկ ամուսնալուծությունները` 0.8 պրոմիլ կամ տարեկան 112 դեպք:
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների 1995-2007թթ. միջին տարեկան միգրացիան բնորոշվել է հետևյալ ցուցանիշներով. եկողների թիվը 1000 բնակչի հաշվով`10.6 պրոմիլ կամ տարեկան ավելի քան 1400 մարդ, հանրապետությունից մեկնողներ` 6.2 պրոմիլ կամ տարեկան շուրջ 830 մարդ:
Սկսած 1989թ-ից նկատվում է քաղաքային բնակչության աճ: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության 52%-ը բնակվում էր քաղաքային բնակավայրերում, 48%-ը` գյուղական: Հատկանշական է, որ հանրապետության բնակչության 37%-ը բնակվում է մայրաքաղաք Ստեփանակերտում:
Վերլուծությունների արդյունքները վկայում են, որ ժողովրդագրության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել համալիր գործողություններ: Հակառակ դեպքում, մոտ ապագայում մենք ստիպված կլինենք լուրջ ժողովրդագրական խնդիրներ լուծել: Որպես առաջին քայլ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը նախագահի և կառավարության կողմից հայտարարվել է պետական քաղաքականության գերակայություն և ազգային-պետական անվտանգության ապահովման կարևորագույն տարր, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական օբյեկտ:
2008թ-ից կյանքի են կոչվել մի շարք նոր ծրագրեր (ամուսնությունների խրախուսում, ծնելիության և բազմազավակության խթանում, չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստի տրամադրում և այլն), որոնց շնորհիվ 2009թ. հանրապետությունում ծնվել է 2821 երեխա, այսինքն 1000 բնակչին բաժին է ընկել 19 ծնունդ: Այս ցուցանիշը գերազանցում է 2008թ. ցուցանիշը 403-ով կամ 16.7%-ով, իսկ 2007թ. (2007թ.` 2145, 2008թ.` 2418)` 676-ով կամ շուրջ 31.5%-ով:
2009թ-ին գրանցվել է 947 ամուսնություն: Չհաշված 2008թ-ի աննախադեպ ցուցանիշը (3057), այս ցուցանիշը անկախության ձեռքբերումից հետո ամենաբարձրն է:
Դրական է 2009թ-ի մեխանիկական հավելաճը: ԼՂՀ եկողների թիվը 500-ով գերազանցել է հանրապետությունից մեկնողների թիվը: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է ավելի քան 36.0%-ով: Բայց և այնպես, անելիքներն այս ոլորտում բավական շատ են և պահանջում են բոլոր շահագրգիռ կառույցների համալիր աշխատանք:
Սակայն, թեև իրականացրած ծրագրերի արդյունքում արձանագրվել է ժողովրդագրական ցուցանիշների դրական տեղաշարժ, այնուամենայնիվ արդիական է մնում ժողովրդագրական պետական քաղաքականության հարցը: Դրանով է պայմանավորված “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի” հաստատման անհրաժեշտությունն ու հրատապությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի համակարգված ձևով լուծել ժողովրդագրական խնդիրները: Հայեցակարգը տալիս է Արցախի ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, ներկայացնում է ժողովրդագրական այն մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև և նշում այն ուղիներն ու եղանակները, որոնք բարենպաստ ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովող գործընթացի վրա: Այս փաստաթղթի դրույթները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է բոլոր կառույցների ջանքերի համախմբում և հատկացվող միջոցների առավելագույնս նպատակային օգտագործում:
Իհարկե, ժողովրդագրական քաղաքականության արդյունքները մեկ կամ երկու տարուց չեն երևում: Դրանք ակնառու կլինեն երկու-երեք սերունդներից հետո: Հույսով ենք, մեր համատեղ ջանքերը կնպաստեն Արցախի բարգավաճմանն ու շենացմանը:

 

ԿԻՍՎԵԼ