ԼՂՀ սոցապահովության նախարարի հարցազրույցը Միրկո Շվանիցին

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանի հարցազրույցը Գերմանական միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Միրկո Շվանիցին:
Ինչպիսի՞ սոցիալական խնդիրներ են առկա ԼՂՀ-ում:

Սոցիալական խնդիրները բավական են նման մի այնպիսի երկրի համար, ինչպիսին  Լեռնային Ղարաբաղն է: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչ վիճակում է գտնվում Լեռնային Ղարաբաղը, թվերով ներկայացնենք ստեղծված ժողովրդագրական իրավիճակը. բնակչության 30%-ը կենսաթոշակառուներ են, 8%-ը` հաշմանդամներ և 29%-ը` երեխաներ:

Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում գործազրկությունը ԼՂՀ-ում:

Գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում է 5.6%: Բացի դրանից գոյություն ունի նաև թաքնված գործազրկություն, այսինքն` քաղաքացիները չեն ներկայանում և հաշվառվում զբաղվածության տարածքային պետական մարմիններում:
Տարեցտարի նոր աշխատատեղեր են ստեղծվում հանրապետության մասնավոր և պետական սեկտորներում,որն իր հերթին մեղմում է գործազրկության մակարդակը:
Տվյալ խնդիրը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Որքա՞ն է կազմում սոցիալական ոլորտի բյուջեն:

Սոցիալական ոլորտի համար հատկացված է 27,2%, դա առանց առողջության, մշակույթի և այլն: Մեզ համար առաջնահերթ է ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այդ նպատակով ձեռնարկվող միջոցառումներից են ամուսնությունների, ծնելիության, բազմազավակության խթանումը: Յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի առաջին երեխայի ծննդյան դեպքում պետական բյուջեից հատկացվում է 1000$, 3-րդ երեխայի ծննդյան դեպքում` 3000$, չորրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում համապատասխանաբար` 4000$: Այս քաղաքականությունը արդեն իսկ տալիս է իր պտուղները 2 տարվա ժամանակահատվածում: Օրինակ 2007թ. ամուսնությունների թիվը տարեկան կազմել է 800 ամուսնություն, իսկ 2008-ին` 3050: Նման իրավիճակ է նաև ծնելիության և մյուս ոլորտներում: Երեխանների ծնելիության միջին թիվը կազմում էր տարեկան 2000 երեխա, իսկ նման քաղաքականությունից հետո` միջինը 2400 երեխա: Բնակչության բարեկեցությունը բնութագրող ՀՆԱ-ն(Համախառն ներքին արդյունք) մեկ բնակչի հաշվով կազմում էր 460$` 2003թ-ին, 2008թ-ին`ավելի քան 2000$: Եվրոպական երկրների համեմատությամբ սա ցածր ցուցանիշ է, սակայն մենք մտադիր ենք 2012թ. հասցնել այս ցուցանիշը 4000$-ի, որպեսզի մտնենք միջին եկամուտների մակարդակ ունեցող երկրների շարքը:

Ի՞նչ խնդիրներ ունեք կենսաթոշակային ոլորտում:

Ինչպես արդեն նշեցի, Լեռնային Ղարաբաղի բնակչության 30% -ը կենսաթոշակառուներ են, որոնց վճարվող միջին ամսական կենսաթոշակի չափը, հաշված 60-տոկոսյա ավելացումը, 2008թ.  դրությամբ կազմում է 100$: Նվազագույն սպառողական զամբյուղի չափը կազմում է 100$: Կենսաթոշակառուների համար շատ չէ, բայց նաև քիչ չէ: Տվյալ ոլորտում մշակվում է կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգ:

Ինչպիսի՞ խնդիրներ կան հանրապետությունում տրանսպորտային ենթակառուցվածքի հետ կապված:

Տրանսպորտային ենթակառուցվածքները գտնվում են բավականին բարվոք վիճակում: Արցախի գրեթե բոլոր գյուղերը ենթակառուցվածքների շարունակական բարելավման արդյունքում երկրորդ շունչն են ստանում: Ունենք լուրջ խնդիրներ կապված բնակպայմանների բարելավման հետ: Բնակտարածքների մոտավորապես 80%-ը հնացած է և վթարային: Սա,  իհարկե, նաև պատերազմի հետևանքն է:

Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում այդ խնդիրները լուծելու համար:

Այդ խնդիրը լուծվում է պետբյուջեի, ինչպես նաև հայկական ծագում ունեցող և օտարերկրյա բարերարների հաշվին: Նման տեմպերով մենք վստահորեն քայլում ենք դեպի ապագա: Լուրջ խնդիրներ բնակչության հետ չունենք: Բնակչությունը մեծ հասկացողությամբ է վերաբերվում այս քաղաքականությանը: Պետք է ավելացնեմ, որ վերաբնակիչները դրանք հիմնականում փախստականներ են, որոնք հաստատվել են ժամանակին ԱՊՀ և այլ երկրներում երկրներում և ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց բնօրրանը:

Ինչպե՞ս եք խթանում հայրենադարձներին:

Անվճար ապահովում ենք բնակտարածքով, տրամադրում ենք արտոնյալ վարկեր և լուծում ենք զբաղվածության խնդիրը, իսկ հիպոթեքային վարկերը տրամադրում ենք ցածր տոկոսներով: Նախքան բնակտարածք տրամադրելը` մենք ուսումնասիրոււմ ենք վերաբնակչի մասնագիտությունը, նրան ԼՂՀ-ում  բնակեցնելու որոշում ընդունելու դեպքում,տեղանքի ընտրությունը կախված է տվյալ հայրենադարձի մասնագիտությունից: Այսինքն բնակտարածք տրամադրելով անում ենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակության մեջ, որպեսզի ի դեմս նրանց մենք ունենանք տնտեսական ներուժ:
Ինչքա՞ն փախստական է վերադարձել Ղարաբաղ:

Այդ տվյալնների բազան ներկայումս վերանայվում է, քանի որ նախկինում շատ բացթողումներ են թույլ տրվել: Միգրացիայի վարչություն է ստեղծվել մի քանի ամիս առաջ:

Վերջին հարցը ուղղում եմ Ձեզ` որպես քաղաքական գործչի: Հայ-թուրքական սահմանի բացումը ազդեցություն կունենա արդյո՞ք Ղարաբաղյան հարցի լուծման վրա:

Ես իրավասու չեմ այս ոլորտում և չեմ կարող որևէ գնահատական տալ: Կարելի է դիմել այդ հարցերով զբաղվող կառույց և ստանալ սպառիչ պատասխան:

Իսկ եթե՞ ուղղեմ Ձեզ այդ հարցը որպես հասարակ մարդու:

Պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է և ապակայունացումը կարող է բացասաբար անդրադառնալ Ղարաբաղի սոցիալական, ժողովրդագրական վիճակի վրա, որն էլ մենք չենք կարող թույլ տալ:

ԿԻՍՎԵԼ