Ս.թ. սեպտեմբերի 18-23-ը ՀՀ “Ծիրանավոր” իրավապաշտպան բարեգործական հասարակական կազմակերպության (նախագահ` Անահիտ Գալստյան) հրավերով Արցախի թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում խնամք ու դաստիարակություն ստացող` առանց ծնողական խնամքի մնացած և սոցիալապես անապահով ընտանիքների 32 երեխաներ` իրենց դաստիարակների, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Սրբուհի Արզումանյանի գլխավորությամբ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները: Հյուրերին ամենուր ուղեկցում էր ճանապարհային ոստիկանությունը: Հանրապետության հրապարակում Արցախի պատվիրակությանը դիմավորեցին Հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի ներկայացուցիչները (նախագահ Մարգարիտա Խաչատրյան)` ուղեկցելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին, այնուհետև ուղևորվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամքի թիվ 1 կենտրոն: Կենտրոնում երեխաներին մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ ողջունեցին տնօրեն տիկին Միրա Անտոնյանը (ՀՕՖ), փոխտնօրեն տիկին Կտակյանը, կենտրոնի աշխատակիցները, Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Մարինե Աղաջանյանը: Տիկին Անտոնյանի անմիջական ղեկավարությամբ ամբողջ անձնակազմը մեծ նվիրումով ու հոգատարությամբ էր շրջապատել մեր մանուկներին. նկարչական պարապմունքներ, խաղասրահներ, նվերներ: Սեպտեմբերի 19-ին Արցախի երեխաները Գյումրիում էին: Նրանց աղ ու հացով դիմավորելու էին եկել Ֆ. Նանսենի անվան մանկատան սաները, աշխատակիցները` տնօրենի պաշտոնակատար Անահիտ Կարապետյանի գլխավորությամբ: Մանկատան սաների կողմից կազմակերպված համերգում առաջինը հնչեց ՙՂարաբաղցի՚ երգը` ի պատիվ Ղարաբաղից ժամանած հյուրերի, այնուհետև հայկական ժողովրդական ու հայրենասիրական տարբեր երգերն ու պարերը հաջորդեցին միմյանց:
Ելույթ ունեցան մանկատան տնօրենն ու ԼՂՀ սոցապահովության փոխնախարար Սրբուհի Արզումանյանը, այնուհետև փոխանակվեցին նվերներով:
Իրար այդքան նման ճակատագրեր ունեցող հայկական երկու երկրամասերի երեխաները իսկույն գտան շփումների այնքան հոգեհարազատ եզրեր:
Տիկին Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց շենքային պայմաններին, հաստատությունում ծավալվող աշխատանքներին, ուսումնադաստիարակչական անձնակազմին: Հյուրասեր գյումրեցին այս անգամ ևս հյուրերին դիմավորեց հավուր պատշաճին: Տարվելով երգ ու պարով, խաղերով, երեխաները չնկատեցին, թե երբ մոտեցավ հրաժեշտի պահը: Բազում տպավորություններով հրաժեշտ տալով միմյանց` պայմանավորվեցին հետագա այցելությունների շուրջ:
Արցախի մանուկները եղան Գյումրիի հրապարակում, այցելեցին տեղի եկեղեցին, շրջեցին վարպետների ու արհեստների հայոց քաղաքում և վերադարձան մայրաքաղաք Երևան: Սեպտեմբերի 20-ին պատվիրակությունը ուղևորվեց Գառնիի հրաշակերտ, սյունազարդ տաճար և Գեղարդի միջնադարյան վանք: Վանքում երեխաներին հավատքի խորհուրդը ներկայացրեց տեղի քահանան` օրհնելով նրանց. Արցախի մանուկների շուրթերից հնչեց ՙՀայր մերը:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը, պատվիրակությունը` Արցախի դրոշի ներքո, ներկա գտնվեց Եռաբլուրում կազմակերպված տոնական երթին: Երեխաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ծաղկեպսակ և թարմ ծաղիկներ դնելով անկախության համար զոհված ազատամարտիկների հուշաքարերին, Ավոյի գերեզմանաքարին, երեխաները մոմ վառեցին տեղի մատուռում ու ճանապարհվեցին Ծաղկաձոր: Հետաքրքիր ժամանց կազմակերպվեց նաև Ծաղկաձորում. ճոպանուղի, Կեչառիս եկեղեցի, խաղ-մրցանակաբաշխություն, իսկ երեկոյան` դաս հայրենյաց:
Սեպտեմբերի 22-ի առավոտյան վերադարձան Երևան: Երեխաները եղել էին ՙպոնչիկանոցում՚, այցելեցին էքզոտարիում, բոուլինգի խաղասրահ: Միջոցառման կազմակերպիչների կողմից երեխաները նվերներ ստացան:
Վերադառնալով խնամքի կենտրոն` հանդիպում ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Գևորգ Պետրոսյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց հետ: Նախարարի հետ երեխաների շփումն անկեղծ էր ու ջերմ: Նախարարը հետաքրքրվեց նրանց նախասիրություններով, հորդորեց միշտ լինել հայրենասեր: Երեխաները նախարարին ողջունեցին երգերով:
Այնուհետև հանդիպումը շարունակվեց այլ ձևաչափով: ԼՂՀ սոցապահովության փոխնախարար Սրբուհի Արզումանյանը հայաստանյան պաշտոնյաներին ներկայացրեց Արցախի իշխանությունների կողմից սոցոլորտում տարվող ընդգծված քաղաքականության և դրա շոշափելի արդյունքների մասին:
Այսպիսի շրջագայություն` նման կազմով ու աշխարհագրությամբ, առաջին անգամ էր կազմակերպվում: Այն բացի ճանաչողական լինելուց, նաև դաստիարակչական մեծ նշանակություն ունեցավ. նոր ծանոթություններ, կապեր, ծրագրեր, առաջարկություններ:
Սեպտեմբերի 23-ին երեխաները, տուրք տալով իրենց հետաքրքրությանը, նոր մարդկանց հետ շփվելու ոգևորվածությանը, վերադարձան հայրենիք` մայր Արցախ: