Խաղարկություն “Ամերիաբանկում”

Նախադեպը չունեցող Արցախյան մեծ հարսանիքը հաջողվեց իրողություն դարձնել նաև հայ բարերարների և գործարարների աջակցությամբ: Գաղափարը Լևոն Հայրապետյանինն էր, ով  մինչ այդ արդեն  հայրենանվեր ձեռնարկումներով ապացուցել էր, որ իր գերագույն նպատակը Ղարաբաղի յուրաքանչյուր բնակավայր շեն ու բնակեցված տեսնելն է: Նրան էին միացել մի խումբ գործարարներ, որոնց շարքում էր նաև Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ, մոսկվաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը, ով  ստանձնել էր  250 զույգերի հովանավորությունը:
Ամերիաբանկի կողմից  նախօրոք հայտարարվել էր, որ այն զույգերը, ովքեր իրենց նվիրատվությունն ավանդի տեսքով կթողնեն բանկում, ուղիղ մեկ տարի անց, հնարավորություն կստանան մասնակցելու արտերկիր երկշաբաթյա շրջագայության մեկնելու ուղեգրի խաղարկությանը:
Օրերս Ստեփանակերտում` “Արմենիա” հյուրանոցում, զույգերի մասնակցությամբ կայացավ խոստացված խաղարկությունը:
Արժանին հատուցելով Ամերիաբանկի տնօրենությանը, նշենք, որ այստեղ ամեն ինչ արվել է` միջոցառումը ամուսնության առաջին տարեդարձի հաճելի տոնակատարության վերածելու համար:
Միջոցառմանը ներկա  էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սրբուհի Արզումանյանը, Արցախի թեմի ներկայացուցիչը,  Ամերիաբանկի  մանրածախ գործառույթների գծով տնօրինության անդամ Վազրիկ Սեկոյանը, նույն բանկի Արցախի մասնաճյուղի պատասխանատուները, լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Խաղարկությանը հաղթող դարձավ ու Եգիպտոս շրջագայության մեկնելու ուղեգրին արժանացավ Գայանե Բալայան-Սմբատ Մարգարյան զույգը. “Մեր ընտանիքի առաջին մեծ հաջողությունն է սա: Հրաշալի անակնկալ էր, բոլորովին չէինք սպասում”, – ասում է Գայանեն: Գայանեն լրագրող է, աշխատում է ՊԲ լրատվականում, իսկ Սմբատը`  ԼՂՀ պաշտպանության բանակի  սպա:
Բանկը հաղթող զույգի ցանկությամբ պատրաստ է նաև դրամական փոխհատուցում տրամադրել: Երիտասարդ զույգն առայժմ չի որոշել, սակայն, ամենայն հավանականությամբ, կընտրի շրջագայությունը:
Ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, Արցախի թեմի և Ամերիաբանկի ՀՀ ներկայացուցիչները:
Բանկը նորաստեղծ ընտանիքների համար ծրագրում է նաև այլ հետաքրքիր միջոցառումներ` այդ հարցում համագործակցելով ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ:

ԿԻՍՎԵԼ