Նախարարի ելույթը

Երեխաների, հաշմանդամների և զբաղվածության 2010թ. պետական  ծրագրերի մասին
ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի ելույթը
ԼՂՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 10-ին կայացած նիստում

 

1. Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագիր

“Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագիրը” մշակվել է “Երեխայի իրավունքների մասին” ԼՂՀ օրենքի 33 և 34 հոդվածներին համապատասխան: Ծրագրի նպատակն է` ԼՂՀ երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը, կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, խնամվող երեխաների ինտեգրումը հասարակությանը:
Ըստ վիճակագրական տվյալների` 2009թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում երեխաների (0-18 տարեկան) թիվը կազմել է 39400, որը կազմում է ամբողջ բնակչության 28.2%-ը: 2008թ. հանրապետությունում գրանցվել է 2418 ծնունդ, որը 273-ով կամ 12.7%-ով ավել է քան 2007թ.: 2009թ. 10 ամիսների ընթացքում ծնվել է 2389 երեխա, ինչը 2008թ. նույն ժամանակահատվածի (2019) համեմատ աճել է 370-ով կամ 18.3%-ով: Այսօր առկա են բոլոր հիմքերը, որ մինչև 2009թ. տարեվերջ հանրապետությունում կգրանցվի ավելի քան 2800 երեխայի ծնունդ, այսինքն` նախորդ տարվա ծնունդների թիվը կգերազանցի 15.8% -ով: Իսկ եթե 2007թ. ընդունենք ծնելիության խթանման բազային տարի, ապա աճը կկազմի ավելի քան 30%, կամ շուրջ 700 երեխա: Եվ որ ամենից կարևորն է` ծնելիության ներկա տեմպերը կպահպանվեն առաջիկա տարիների ընթացքում ևս:
Հատուկ ուշադրության կենտրոնում կպահվեն ծնողազուրկ երեխաների, մասնավորապես ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների սոցիալական պաշտպանվածության խնդիրները: 2009թ. ինը ամսվա տվյալներով միակողմանի ծնողազուրկ երեխաների թվաքանակը կազմում է 1614 երեխա, այդ թվում` 637 զոհված զինծառայողների երեխաներ:
Հանրապետությունում այսօր առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքի շուրջ 53 երեխաներ գտնվում են պետության լրիվ խնամքի տակ` երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ երկու հաստատություններում, իսկ կենտրոնացված հաշվառման են վերցված թվով 62 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և 31 բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք: Նման երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունված է իրավական ակտերի մի ամբողջ շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող օրենսդրությունը: Uակայն դեռևս կան չլուծված խնդիրներ, և այդ կապակցությամբ բարեփոխումներ կիրականացվեն նաև այդ ոլորտում:
“Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագիրն” ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի, սպորտային և մշակութային կյանքի կազմակերպմանը:

2. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագիր

“Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի տարեկան ծրագիրը” բխում է “ԼՂՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին”  ԼՂՀ  օրենքի պահանջներից (41 և 42 հոդվածներ):
Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2010 թվականին ծրագիրը ուղղված կլինի հաշմանդամների կյանքի որակի բարելավմանն ու հասարակություն ինտեգրմանը` ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Վերջին տարիներին փոխվել է հաշմանդամության նկատմամբ վարվող գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները` բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև` հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս գաղափարախոսությունը դրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:
2009թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 10529 հաշմանդամ, որը կազմում է ամբողջ բնակչության 7.5%-ը: Հաշմանդամների շուրջ 5%-ը (4.9%) (513-ը) հաշմանդամ երեխաներ են: Հաշմանդամների ընդհանուր թվի 55%-ը աշխատունակ տարիքի են (16-63 տարեկան):
2009թ. “Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրվել է նոր շենք` բոլոր հարմարություններով:
Հաշմանդամների վերականգնման գործընթացում կարևոր դեր է խաղում առողջարանային բուժումը: 2009թ. կազմակերպվել է 210 հաշմանդամ քաղաքացիների առողջարանային բուժումը, 29 հաշմանդամների հատկացվել են հանգստյան տների ուղեգրեր, ինչպես նաև ողնաշարային հիվանդությամբ տառապող 1-ին խմբի 17 հաշմանդամներ ուղարկվել են Սակի քաղաքի (Ուկրաինա, Ղրիմ) մասնագիտացված առողջարանային կլինիկա:
ԼՂՀ պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 14  1-ին խմբի անժամկետ հաշմանդամների ընթացիկ տարում տրամադրվել են ձեռքի կառավարման ավտոմեքենաներ:
2009 թվականին առաջին անգամ պետական բյուջեի միջոցների հաշվին տեսողության խնդիրներ ունեցող 6 հաշմանդամների համար ՙԱրև ծրագրի   շրջանակներում կկազմակերպվի անվճար համակագչային ուսուցում և կտրամադրվեն հատուկ համակարգիչներ:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում կարևորվում է նաև հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման  համակարգը: “Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ում գտնվող 38 միայնակ հաշմանդամները գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո: Նրանք ստանում են բժշկական օգնություն, ունեն կենսաապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված 2010 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման և հանրային իրազեկման, հաշմանդամների համար հավասար և մատչելի պայմանների ապահովման, հաշմանդամների կրթությանն ու մասնագիտական ուսուցմանն ուղղված ծրագրերի իրականացման և հաշմանդամների զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղություններով:

3.Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագիր

“Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագիրը” մշակվել է համաձայն “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” ԼՂՀ օրենքի 12 և 13 հոդվածների: Ծրագրերը ներառում են 2010 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումները, նախատեսված աշխատանքների ծավալները, աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:
Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
2009թ. հունվար-հունիս ամիսներին գործազրկության միջին մակարդակը հանրապետությունում կազմել է 5.6%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2%-ով:
Աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում 2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3626 մարդ: Գործազուրկների թվաքանակի 92.7%-ը կանայք են: Գործազուրկների թվի մեջ մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը` շուրջ 93.6%: Գործազուրկների տարիքային ցենզը դիտարկվող ժամանակահատվածում հետևյալն է. գործազուրկների թվի 5.0%-ը պատկանում է 18-22 տարիքային խմբին, 47,7%-ը` 22-30 տարիքային խմբին, 38,2%-ը` 30-50 տարիքային խմբին, 9,1%-ը` 50-ից բարձր տարիքային խմբին:
Դիտարկելով գործազուրկների կրթական ցենզը, արձանագրվել է, որ բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի 17.8%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները`  31,7%, մնացած մասը կամ 50,5%-ը, կազմել են ընդհանուր և թերի միջնակարգ  կրթություն ունեցողները:
Ներկայումս զբաղվածության ոլորտում իրականացվում են մի շարք ծրագրեր ուղղված աշխատանքի խթանմանը, տնտեսության մեջ ընթացող զարագացումներին համապատասխան աշխատուժի մրցունակության բարձրացմանը, սոցիալապես խոցելի խմբերին զբաղվածության ոլորտ ներգրավելու և բնակչության սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը: Այնուամենայնիվ այս ոլորտում անելիքները դեռ շատ են, և չեն սահմանափակվում մեկ տարվա կտրվածքով:
Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրի և միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`
– Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվածների ցուցանիշի աճ,
– Աշխատանքի տեղավորվածների թվաքանակի  աճ,
– Հաշվառված անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման ցուցանիշի աճ,
– Երիտասարդների աշխատանքի տեղավորման ցուցանիշի աճ,
-Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների հետ համագործակցող գործատուների թվի աճ,
– Հանրության իրազեկման մակարդակի բարձրացում,
– Գործազրկության ընդհանուր մակարդակի նվազեցում:

 

 

ազատամարտիկ Դավիթ Հակոբյանը

ԿԻՍՎԵԼ