Ս.թ. դեկտեմբերի 22-ին հրավիրված ԼՂՀ կառավարության հերթական նիստում քննարկվեց սոցոլորտին վերաբերվող վեց նախագիծ: Նիստին մասնակցում էր ԼՂՀ սոցապահովության նախարարի տեղակալ Լ.Ղուլյանը:
ԼՂՀ սոցապահովության նախարարության կողմից առաջարկվեց.
• 2010թ. հունվարից ներդնել նոր ծրագիր, որը նպատակ ունի բարելավել ԼՂՀ պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ 2 և ավելի զոհ տված ընտանիքների կենսապայմանները և արտահայտում է պետության ուշադրությունը զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների հանդեպ: Առաջարկվեց պետական բյուջեի միջոցներից նշված ընտանիքներին վճարել ամենամսյա դրամական օժանդակություն` 1 զոհվածի հաշվով 15.0հազ. դրամի չափով.
• գիշերօթիկ հաստատության մանկավարժական անձնակազմի հոգեբանի պաշտոնի հաշվարկային հաստիքային միավորը սահմանել 30-50 երեխայի դեպքում 1 հաստիք, նախկին 100 երեխային հասանելիք 1 հաստիքի փոխարեն` ելնելով երեխաների բարոյահոգեբանական դաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից և գիշերօթիկ հաստատության գործնեության 1.5 տարվա փորձից.
• գիշերօթիկ հաստատությունում խնամվող, դպրոց հաճախող բոլոր երեխաներին ապահովել անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով` 7-12 տարեկան երեխաներին` ամսական 2.0 հազ.դրամ, 13-18 տարեկան երեխաներին` 3.0 հազ.դրամ, որը նախկինում սահմանված էր միայն գիշերօթիկ հաստատությունում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած` դպրոց հաճախող երեխաների համար.
• 2010 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի բազային չափի (100.0 հազար դրամ) բազմապատիկ գործակիցը 1.0-ի փոխարեն սահմանել 2.0, այսինքն` 2-րդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը կկազմի 200.0 հազար դրամ: Նշված փոփոխությունը նպատակաուղղված է ԼՂՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և 2-րդ երեխան ծնված ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը.
• մինչև 2011թ. հունվարի 1-ը հետաձգել “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ԼՂՀ օրենքի 17-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված` քաղաքացիական ծառայողին վճարումները անկանխիկ, նրանց հայեցողությամբ` չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցումներով կատարելու ձևին անցումը, քանի որ մեր հանրապետությունում նշված համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, իսկ ԼՂՀ շրջաններում բացակայում են սպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտ պայմանները.
• ԼՂՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի “Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին” թիվ 319-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետում փոփոխություն կատարել` աշխատավարձին տրվող հավելումից օգտվելու հնարավորություն տալով ԼՂՀ տարածքում բնակվող և իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ ԼՂՀ վերաբնակեցվող բնակավայրերում աշխատանքի ընդունված բժիշկներին ևս:
Հիշյալ առաջարկությունները կառավարության կողմից ընդունվեցին: