Խորհրդակցություն ԲՍՓ կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ

Ս.թ. դեկտեմբերի 25-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն.Ասծատրյանի մոտ հրավիրվեց խորհրդակցություն` փոխնախարարներ Լ.Ղուլյանի, Ս.Արզումանյանի, նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրեն Կ.Ղուկասյանի և ԲՍՓ կենտրոնի անձնակազմի մասնակցությամբ:
Խորհրդակցության հիմնական թեման, որ մասնամասն քննարկման առարկա դարձավ, կենտրոնի աշխատակիցների` հաշմանդամ քաղաքացիների հետ շփումներում առկա որոշակի դժվարություններն էին:
Միայն  վերջին 3 ամիսների ընթացքում ռեաբիլիտացիայի հետևանքով ավելի քան 450 հաշմանդամների հաշմանդամության խմբեր են վերանայվել, որը,  բնականաբար, չէր կարող նրանց  շրջանում անհամաձայնություններ չառաջացնել: Սա բնական է, քանի որ այս կարգավիճակի  քաղաքացիների մեջ կան նաև սոցիալական դժվար պայմաններում ապրողներ: Նախարարն աշխատողներին հորդորեց այս ամենի գիտակցումով ավելի  բարեհամբույր  և համբերատար լինել դիմումատուների հետ, անհրաժեշտության դեպքում նրանց հուզող հարցերի շուրջ ավելի մանրակրկիտ բացատրություններ և պարզաբանումներ տալ: Աշխատանքներ տանել ԶԼՄ-ների միջոցով հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Միաժամանակ որոշվեց շարունակել նման քաղաքացիների սոցպայմանների ուսումնասիրության` նոր ձևավորված պրակտիկան և առաջարկություն ներկայացնել համապատասխան սոցծրագրեր մշակելու ուղղությամբ:
Անդրադարձ եղավ նաև աշխատանքային կարգապահության խնդրին, որն արդարացիորեն երբեմն հարուցում է քաղաքացիների դժգոհությունը: Նախարարը կարգապահության մակարդակը բարձրացնելու հստակ հանձնարարական տվեց:
Քննարկվեց նաև հաշմանդամների վերաբերյալ տեղեկատվական բազայի վերջնական ձևավորման աշխատանքները եռամսյա ժամկետում ավարտելու հարցը` այդ նպատակով ստեղծելով աշխատանքային խումբ:
Եզրափակելով խորհրդակցությունը, խնդիրների ավելի արդյունավետ լուծման և բացթողումների բացառման նպատակով Ն. Ասծատրյանը հանձնարարեց մշակել և ներկայացնել առաջարկություններ`2010թ. դրանք կյանքի կոչելու համար:
Վերջում նա շնորհավորեց ներկաներին գալիք տոների առթիվ` մաղթելով առողջություն, հաջողություններ:

 

ԿԻՍՎԵԼ