Կենսաթոշակային բարեփոխումներ

Ս.թ. հունվարի 13-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի օրակարգային հարցերից գլխավորը կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրն էր:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը, “Սոցիալական ապահովության ծառայություն”  գործակալության պետ Միքայել Վիրաբյանը, նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Վահրամ Առաքելյանը և նույն վարչության պետի տեղակալ Նորայր Գաբրիելյանը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրեցին բաշխողական, այսինքն` ֆինանսական հավասարակշռվածության սկզբունքով գործող ներկայիս կենսաթոշակային համակարգը, որը, հավաքագրվող սոցիալական վճարների անբավարարությամբ, երկրի ժողովրդագրական տվյալներով և անբարենպաստ միտումներով, մասնավորապես` բնակչության ծերացմամբ, ինչպես նաև կենսաթոշակների ոչ բավարար չափերով ու դրանց բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ենթակա է արմատական փոփոխությունների:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խնդիրներն առկա են նաև ՀՀ-ում, որտեղ ոլորտի վերափոխումների ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի նախապատրաստական քայլեր (ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, մշակված է բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովող օրենսդրական փաթեթ և այլն)` խորհրդակցության ժամանակ որոշում կայացվեց ԼՂՀ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ժամանակ հիմնականում ուղղորդվել Հայաստանյան փորձով` իհարկե, զերծ չմնալով անհրաժեշտ տարբերակումներով, որոնք պայմանավորված են ԼՂՀ-ում առկա ինստիտուցիոնալ և այլ առանձնահատկություններով:
Բարեփոխումների ընթացքում պետք է լուծվի հետևյալ հիմնական խնդիրը.
Սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից անցում դեպի ինքնաֆինասնավորվող կենսաթոշակային համակարգ:
Սկզբունքային այս մոտեցումն իրողություն դարձնելու ճանապարհին անհրաժեշտ է գործող համակարգին զուգահեռ գործարկել երկու նոր` պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգեր:
Արդյունքում` կենսաթոշակային նոր համակարգը բաղկացած կլինի 4 բաղադրիչներից, որից յուրաքանչյուրը կունենա իր շահառուների շրջանակը և կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմը: Այսպես.
0 աստիճանը նախատեսված կլինի այն անձանց համար, որոնք իրենց կյանքի ընթացքում ընդհանրապես չեն աշխատել կամ աշխատել են 10 տարուց քիչ: Այս աստիճանի շրջանակներում (ներկայիս սոցիալական կենսաթոշակներ) տրվող կենսաթոշակը կհաշվարկվի կառավարության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակից, որը մոտ ապագայում կհավասարեցվի նվազագույն սպառողական զամբյուղին:
1-ին աստիճանից կվճարվեն աշխատանքային կենսաթոշակները (ներկայիս ապահովագրական կենսաթոշակներ)` առնվազն 10 տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց փոխհատուցելով իրենց աշխատանքային եկամուտները: Կենսաթոշակը բաղկացած կլինի կառավարության կողմից սահմանվող հիմնական կենսաթոշակից և ապահովագրական (աշխատանքային) ստաժի տարիների համար տրվող հավելումից` հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը: Այս աստիճանի շրջանակներում տրվող կենսաթոշակի միջին չափը պետք է համապատասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեին:
2-րդ աստիճանը դա պարտադիր կուտակային բաղկացուցիչն է, որին պարտադիրության սկզբունքով մասնակից կդառնան համակարգի գործարկման պահին 40 տարեկանը չբոլորած վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը: Այս անձանց համար կսահմանվի պարտադիր կուտակային վճար` աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 %-ի չափով, որի կեսը, բայց ոչ ավելի 25000 դրամից, կվճարի պետությունը: Այս գումարները կկուտակվեն անձի անհատական հաշվում և ուղղակիորեն կազդեն անձի կենսաթոշակի չափի վրա:
3-րդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ կենսաթոշակ ապահովող աստիճանն է, որից կվճարվի կամավոր կուտակային կենսաթոշակը` անձի աշխատանքային գործունեության ընթացքում կամավոր կերպով կատարված վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին:
Խորհրդակցության ժամանակ նախարարի կողմից հանձնարարվեց ավելի մանրամասն ուսումնասիրել ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերը, ԼՂՀ-ում դրանց տեղայնացման հետ կապված խնդիրներն ու հնարավոր փոփոխությունները, մշակել բարեփոխումների իրականացման միջոցառումների ժամանակացույցն ու միջգերատեսչական համագործակցության ձևաչափը, կատարել պետական բյուջեից նախատեսվելիք ծախսերի նախնական հաշվարկներ ու ներկայացնել այս թեմայով հրավիրվելիք հաջորդ խորհրդակցությանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը պահանջելու է արմատական վերափոխումներ նաև մարդկանց ու տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, գործելաոճի և վարքագծի առումով, նախարարությունը այսուհետ կիրականացնի տվյալ հարցի լուսաբանում` շահառուներին փոփոխությունների բնույթն ու ակնկալվող արդյունքները ներկայացնելու և նրանց առավելագույնս նախապատրաստելու համար:

ԿԻՍՎԵԼ