ԼՂՀ շրջաններում սոցծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ ս.թ. հունվարի 15-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2009թ. իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվեցին 2010թ. անելիքները: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխնախարարներ Լ.Ղուլյանը, Ս.Արզումանյանը, նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Ս.Դադայանը, նույն վարչության նպաստների բաժնի պետ Ն. Ալավերդյանը:
Տարածքային սոցգործակալությունները գործում են ԼՂՀ շրջվարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) ենթակայությամբ: Սոցապահովության նախարարության հետ համատեղ սոցծրագրերի իրականացման արդյունքները վկայում են նշված մարմինների համագործակցության արդյունավետության և շարունակական անհրաժեշտության մասին: Խորհրդակցության սկզբում տարածքային սոցծառայությունները գոհունակություն հայտնեցին նախարարության կողմից ցուցաբերվող օգնության և հարցերին օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքելու համար:
Հաշվի առնելով, որ հիմնականում տարածքային սոցմարմիններն են տեղերում սոցխմբերի հետ առնչություն ունեցողները, հետևաբար նաև` խնդիրներին անմիջականորեն իրազեկվողները, շեշտվեց, որ հենց նրանք էլ իրենց առաջարկություններով ակտիվորեն պետք է մասնակիցը դառնան նոր ծրագրերի մշակման աշխատանքներին:
Առաջարկվեց նախարարությունում գործող փախստականների ստաժերի հաստատման համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին ըստ անհրաժեշտության ընդգրկել նաև տարածքային սոցծառայության ներկայացուցչի: Տարբեր սոցծրագրերով տրվող օգնությունների շրջանակները հստակեցնելու և միասնական մոտեցում մշակելու առաջարկ հնչեցվեց` վերանայելով օրենսդրությամբ սահմանված ակնհայտ տարբերակումները (օրինակ` թաղման նպաստի չափը գործազուրկների, աշխատողների, հաշմանդամների մահվան դեպքում զգալիորեն տարբերվում է իրարից և այլ նմանատիպ խնդիրներ):
Մտահոգություն հնչեցվեց որոշ շրջաններում դրամական օգնությունների բաշխման ոչ արդյունավետ մեխանիզմներ ներդրված լինելու հարցով: Մոտեցումները շտկելու, վերանայելու և արդեն իսկ գործող օրենսդրության շրջանակներում կազմակերպելու անհրաժեշտություն կա, պետք է շրջվարչակազմերի հետ ակտիվ աշխատանքներ տարվեն այս թերացումներն ուղղելու համար, քանի որ տարածքային սոցծառայությունները սոցխմբերի հետ տարվող աշխատանքներում անկասկած ակտիվ դեր պետք է ունենան:
Անդրադարձ եղավ նաև զբաղվածության հարցերին, այդ խնդիրների կարգավորման նպատակով գործատուների հետ աշխատանքների նոր ձևաչափի մշակման անհրաժեշտությանը, մասնագիտական ուսուցումներին առավել նպատակային նախապատրաստվելուն:
Քննարկվեց Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ժամանակավոր հաշվառում ունեցող քաղաքացիներին պետնպաստների համակարգում լինելու իրավական կարգավորման հարցը: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսված են և առաջիկայում լուծում կստանան:
Վերջում ներկաների ուշադրություն հրավիրվեց այն փաստին, որ նախարարության նախաձեռնությամբ մշակվել է նպաստների նոր համակարգչային ծրագիր, որն ավելի արդյունավետ ու օպերատիվ աշխատանքի կազմակերպման համար պայմաններ է ստեղծում: Անհրաժեշտ է լինելու նախարարությունում կազմակերպել համապատասխան ուսուցում` տարածքներում համակարգչային սպասարկումն իրականացնողների շրջանում: Այս ծրագրի լիրաժեք գործարկման հարցում գրեթե բոլոր տարածքային սոցմարմինները տեխնիկական ոչ լիարժեք հագեցվածության, ավելի կոնկրետ` համակարգիչների ձեռքբերման խնդիր ունեն: Հարցը լրացուցիչ կուսումնասիրվի և լուծումներ կտրվեն:
Խորհրդակցության վերջում մասնակիցները հրավիրվեցին փոխնախարար Լ. Ղուլյանի մոտ` 2010թ. –ից ներդրվող նոր սոցծրագրի` երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքների համար ամենամսյա դրամական օժանդակություն սահմանելու` ԼՂՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 828 որոշման գործարկման մեխանիզմների քննարկման նպատակով:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում տարածքային սոցգործակալությունների պատասխանատուների հետ