Գիշերօթիկ հաստատությունների երեխաները մշտապես ուշադրության կենտրոնում են…

Հունվարի 15 ին ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանի մոտ հրավիրվեց  խորհրդակցություն` փոխնախարար Սրբուհի Արզումանյանի, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանի, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Էռնա Ջավադյանի, Երեխաների խնամքի և պաշտպանության N1 և N2 գիշերօթիկ հաստատությունների  տնօրենների և հաշվապահների, նախարարի խորհրդականի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում տնօրեններ Նոնա Մուսայելյանն ու Սամվել Քոչարյանը ներկայացրին  գիշերօթիկ հաստատություններում 2009թ. կատարված աշխատանքները: Ընդգծվեց, որ տարին բավական հագեցած էր այս հաստատություններում շուրջօրյա խնամք ու դաստիարակություն ստացող` առանց ծնողական խնամքի մնացած և սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 50 երեխաների շրջագայությունների (այդ թվում` ԼՂՀ դուրս), արտադպրոցական լայնածավալ աշխատանքների կազմակերպմամբ: Երեխաներն ընդգրկվել են պարարվեստի ուսումնարանի, երաժշտական դպրոցի, գոբելենագործության և այլ  խմբակներում: Երեխաների առաջադիմությունը դպրոցում նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել է: Կազմակերպվել ենդոմինոյի, շախմատի մրցաշարեր: Բացվել է համակարգչային սենյակ: Թիվ 1 գիշերօթիկում հիմնադրվել է սոցիալ-մեթոդական խորհուրդ, որը կարգավորում է երեխաների դաստիարակության և նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված տարբեր բնույթի հարաբերություններ: Բակում կառուցվել է տաղավար:
Թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը նախարարության անմիջական մասնակցությամբ ապահովվել է  շուրջօրյա ջեռուցմամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև բարեգործական կարգով ստացված ապրանքներն ու դրամական միջոցները ժամանակին պատշաճ ձևով մուտքագրելու և արդյունավետ օգտագործելու, ԼՂՀ 2010թ. պետական բյուջեով նախատեսված` գիշերօթիկ հաստատությունների ծախսերը  նպատակաուղղված և ըստ առաջնահերթության  օգտագործելու, 2010 թվականի համար նախատեսված նոր  հաստիքները համալրելու հարցերը:
Անդրադարձ եղավ նաև Գիշերօթիկ հաստատություններում առկա խնդիրներին:
Մասնավորապես, գիշերօթիկների համար ցանկալի կլիներ ձեռք բերել  մարդատար ավտոմեքենա. առկա տրանսպորտային միջոցները օպերատիվ աշխատանք կազմակերպելու համար անհարմար են և ծախսատար:
Թիվ 1-ի համար անհրաժեշտություն է կառուցել լվածքատուն, պահեստ:
Թիվ 2-ում (Քաշաթաղի շրջան) խնդիր ունեն մանկաբույժի և հոգեբանի հաստիքների համալրման, պահակակետի կառուցման հարցերում:
Այս հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն և հնարավորինս դրական լուծումներ կստանան: Իսկ երեխաների համար սննդի,  հագուստի վերաբերյալ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները վերանայելու հարցը կուսումնասիրվի և կներկայացվի համապատասխան առաջարկություն:
Նախարարը տնօրեններին հանձնարարեց նախապատրաստվել 2010թ. կազմակերպելու  երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև գիշերօթիկներում երեխաների թվի նվազեցման հարցին: Ողջունելի է, որ երեխաներն իրենց կենսաբանական ընտանիք են վերադառնում, սակայն այդ ընտանիքներում նրանց կեցությունը պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի:  Հանձնարարվեց համապատասխան մարմինների հետ  (խնամակալության, հոգաբարձության մարմիններ, ոստիկանություն, դպրոցներ և այլն)  տարվող աշխատանքներն ավելի ակտիվացնել`ելնելով առաջին հերթին երեխաների  շահերից: Վերջիններիս բարեկեցությունը, առողջությունը և զարգացումը պետք է միշտ դիտել առաջնային: Եթե կան օրենսդրական խոչընդոտներ` պետք է վերանայվեն  ոլորտի  իրավական ակտերը:

ԿԻՍՎԵԼ