Մեկնարկել է “Աջակցություն մասնագետներին” ծրագիրը

Բժշկական համակարգը (մանավանդ հեռավոր բնակավայրերում) բժիշկ կադրերով համալրելու նպատակով մեկնարկել է մասնագետների խրախուսման և սոցաջակցության մի նոր ծրագիր ևս:
ԼՂՀ  կառավարության 2009թ. մայիսի 21-ի թիվ 319-Ն որոշմամբ սահմանվել է այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու  կարգը: Դրանով կարգավորվում են ԼՂՀ առողջապահության նախարարության  կողմից այլ վայր (ԼՂՀ տարածքում) աշխատանքի ուղեգրվող բժշկին ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարաբերությունները: Ծրագրից ընդգրկվողների ֆինանսական ապահովման խնդիրները լուծելու իրավունքը, կառավարության որոշմամբ, վերապահվել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարարությանը:
Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկի սոցիալ–կենցաղային կարիքների բավարարման համար նրան  տրվում է  միանվագ ֆինանսական աջակցություն` ՀՀ-ից կամ այլ պետությունից ԼՂՀ տեղափոխվելու դեպքում` 160 000, իսկ ներքին տեղաշարժերի դեպքում` 90 000 դրամի չափով:
Բժշկին յուրաքանչյուր ամիս տրվում է նաև ֆինանսական աջակցություն` հիմնական աշխատանքի համար տվյալ ամսվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի  40-80 տոկոսի չափով: Առանձին դեպքերում ԼՂՀ վարչապետի  որոշմամբ  կարող է տրվել  80 տոկոսից ավելի չափով ֆինանսական աջակցություն:
Կառավարության որոշմամբ նաև որոշակի լուծում է առաջարկվում բնակարանային խնդիրներ ունեցող բժիշկներին` վերջիններիս բնակելի տարածության վարձակալության համար յուրաքանչյուր ամիս տրվող ֆինանսական աջակցության ձևով:
Նրանց  բնակպայմանների ուսումնասիրության նպատակով ԼՂՀ սոցապահովության և ԼՂՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Որոշման դրույթները տարածվում են նաև մինչև սույն կարգի սահմանումը Հայաստանի Հանրապետությունից կամ այլ պետությունից կամ ԼՂՀ տարածքում բնակվող և իր բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ ԼՂՀ վերաբնակեցվող բնակավայրերում աշխատանքի ընդունված բժիշկների վրա:
Այս նոր աջակցության ծրագրում չեն ընդգրկվում ԼՂՀ քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող  բժիշկները:
Ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել արդեն 3 տասնյակ բժիշկների:

 

 

ԿԻՍՎԵԼ