Արցախի հանրապետությունում իրականացվող սոցպաշտպանության ծրագրերը տարեցտարի ընդլայնվում են և դրանով էլ պայմանավորված մեծանում է փաստաթղթաշրջանառության ծավալը ԼՂՀ սոցապահովության նախարարությունում: Գործող օրենսդրության շրջանակներում քաղաքացիների դիմում-բողոքներին սահմանված ժամկետներում լուծումներ տալու, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների միջև օպերատիվ ինֆորմացիոն փոխանակում ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերի հոսքի վստահելի և արագ կառավարման:
Հայաստանյան փորձն ուսումնասիրելով, հրավիրված մասնագետի անմիջական մեթոդական աջակցությամբ ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումները ներգրավվել են մի նոր էլեկտրոնային ծրագրի` “Էլգիր”` փաստաթղթաշրջանառության կառավարման էլեկտրոնային համակարգի շահագործման աշխատանքներում:
Այդ աշխատանքների արդյունավետության բարձրացման և համակարգի լիարժեք ու բազմակողմանի գործարկման անհրաժեշտությանն անդրադարձավ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն.Ասծատրյանը` ս.թ. փետրվարի 4-ին նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցում էին փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Խորհրդակցության արդյունքում որոշվեց մեկամսյա ժամկետում իրականացնել համակարգի մասնակի փորձնական շահագործում` հնարավոր խնդիրները վեր հանելու, իսկ անհրաժեշտության դեպքում ` նաև ավելի արդյունավետ օգտագործման առաջարկություններ ներկայացնելու համար: Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց ապահովել բոլոր ստորաբաժանումների մասնակցությունը գործընթացին, լուծել տեխնիկական հագեցվածության հարցը:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև մի շարք այլ ընթացիք խնդիրների, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ “Էլգիր”` փաստաթղթաշրջանառության վստահելի և արագ կառավարում