ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ս.թ.փետրվարի 6-ին մասնակցեց Շուշի քաղաքում հրավիրված քաղաքային համայնքի ավագանու նիստին, որի ընթացքում Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը հանդես եկավ 2009 թվականին քաղաքում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությամբ և նախանշեց 2010 թվականի անելիքները: Նիստին մասնակցում էր Շուշիի վարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը:
Նիստում անդրադարձ եղավ քաղաքացիների հետ ծագող խնդիրներին: Նախարարը հետաքրքրվեց մասնավորապես հողի հարկի և գույքահարկի մասով տեղական միջոցներից ձևավորվող բյուջեի կատարողականի ցածր մակարդակի պատճառներով և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով: Ի պատասխան նշվեց, որ հարկային բազաների ճշգրտման համար ստեղծվել է հանձնաժողով, մինչև ս.թ. մարտի 1-ը կներկայացվեն հողի և գույքահարկի բազաները, աշխատանքները են տարվում նաև քաղաքապետարանի ֆինանսների և կադաստրային քարտեզավորման բաժինների հետ համատեղ: Արդեն կան ստույգ տվյալներ ավտոմեքենաների և սեփական տների բազաների վերաբերյալ, և առաջիկայում կներկայացվեն նաև 2010 թվականի բյուջեի եկամուտային մասի բազաները:
Օրակարգը սպառելուց հետո ներկաները հարցեր ուղղեցին նաև նախարարին:
Մասնավորապես, հարցադրումը վերաբերվում էր նորաստեղծ ընտանիքների բնակարանային հարցի լուծման նպատակով ԼՂՀ կառավարության կողմից տրամադրվող արտոնություններին, ինչին ի պատասխան Ն.Ասծատրյանը նշեց նորաստեղծ ընտանիքներին դրամական խրախուսման արդեն իսկ գործող ծրագրի շարունակականության մասին: Միաժամանակ նա անդրադարձավ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից նորաստեղծ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման ծրագրին` հորդորելով երիտասարդներին առավելագույնս օգտվել այս ծրագրից` պետության օժանդակությամբ, և նաև սեփական ուժերը ներդնելով իրենց տանիքն ունենալ: Նա մտահոգություն հայտնեց, որ պետական աջակցության նման պայմաններում քաղաքացիների նախաձեռնությունները և ակտիվ մասնակցությունը սեփական խնդիրների լուծման հարցում բավական ցածր մակարդակի վրա են գտնվում: Օրինակ` գերադասում են գործազրկության նպաստ ստանալ, քան առաջարկված աշխատանքին (գուցե և` ոչ միշտ բարձր աշխատվարձով) անցնել: Պետք է սեփական ուժերին վստահել, առավել ևս, որ պետական աջակցությունն ակնհայտ է:
Հաջորդ հարցը վերաբերվում էր վերաբնակիչների վարկավորման ծրագրին: Այս հարցում վերաբնակիչների մեծամասնության անպատասխանատու վերաբերմունքը նախարարն անընդունելի համարեց: Որ պետությունից ստացած գումարները ենթակա են հետ վերադարձվեն, դա միանշանակ պետք է քննարկման առարկա չլինի: Նախարարը միաժամանակ նշեց, որ պարտաճանաչ վերաբնակիչների համար առաջիկայում կմշակվի նոր համակարգ: