Այսօր երեխաների տոնն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ըստ պատմաբանների, առաջին անգամ նման օր նշվել է 1925թ. հունիսի 1-ին, երբ Շվեյցարիայում տեղի է ունեցել երեխաների բարեկեցության համաշխարհային համաժողովը:
Տասնամյակներ են անցել, և աշխարհում սկսել են ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք դրսևորել երեխաների` ամենաանմեղ էակների հանդեպ: Միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված է նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Մարդասիրական նման մոտեցումը, բնականաբար, հատուկ է նաև ՙԵրեխայի իրավունքների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին: Մեր պետությունը, որ պատերազմ է տեսել ու ծանր զրկանքներ կրել, առաջնահերթ է համարում երեխաների մասին հոգատարությունը: Ինչպիսին կլինի նրանց ապագան, կախված է մեզնից յուրաքանչյուրից: Երեխաների պաշտպանությունն սկսվում է ընտանիքից, որտեղ ձևավորվում է նրանց աշխարհայացքը, սերմանվում է բարություն, ազնվություն, արժանապատվություն, հայրենի օջախի ու հողի հանդեպ մեծ սեր:
Հաճելի է գիտակցել, որ մեզ մոտ երեխաները գտնվում են հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո: Հանրապետության իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրում, որպեսզի Արցախի փոքր բնակիչները մեծանան ուժեղ, առողջ և կրթված: Մեր երկրում արդյունավետորեն գործում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են երեխաների առողջության պահպանմանը, նրանց ամառային հանգստի կազմակերպմանը, բազմազավակ և հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին ու որբ երեխաներին նյութական աջակցության ցուցաբերմանը, միջոցներ են հատկացվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածքի հատկացման, համալիր միջոցառումներ են իրականացվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների դաստիարակության և վերականգնման համար:
Երեխաները մեր ապագան են, և նրանք, որպես հետնորդներ իրենց հերոս հայրերի, կոչված են դառնալու մեր երկրի արժանի քաղաքացիներ:
Թանկագին ծնողներ, հարգելի մեծեր, խնայեք և պաշտպանեք ձեր երեխաներին, նրանց փոխանցեք ձեր անսպառ սերն ու հոգու ջերմությունը: Աճող սերունդը պետք է լինի երջանիկ, խելոք, առողջ և տաղանդավոր: Թող երեխաները միշտ շրջապատված լինեն բարությամբ և ուշադրությամբ:
Ձեզ, սիրելի երեխաներ, մաղթում եմ քաջառողջություն, լավ հանգիստ, վառ երևակայություններ` ձեր ամենաբաղձալի իղձերի իրականացման գործում: Ըստ օրացույցի, այսօր սկսվում է ամառը` արձակուրդների զարմանահրաշ շրջանը, և բոլորը, անկասկած, ցանկանում են նոր մտահղացումներով հարստացնել իրենց օրը:
Շնորհավոր ձերտոնը, սիրելի բալիկներ: Դուք մեր հույսն եք և ապավենը: Երջանկություն ձեզ, առողջություն և կապույտ-կապույտ երազներ:
ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը այցելեց նախարարության համակարգում գործող “Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն” ՊՈԱԿ: Նախարարը շնորհավորեց երեխաների տոնը և մաղթեց նրանց առողջություն, երջանկություն, լուսե երազներ: Փոքրիկները հանդես եկան համերգային ճոխ ծրագրով, իսկ հաստատության տնօրինության կողմից կազմակերպվեց տոնական խնջույք:
Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև “Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում”: