1. Տիկին Ասծատրյան, ինչպիսի՞նն էր մեր երկրում հաշմանդամների սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղվածությունը 2010թ:
Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ հաշմանդամների հանդեպ գերակշռել է, այսպես կոչված, բժշկական մոտեցումը: Այսինքն` ենթադրվում էր, որ պետության ու հասարակության հոգատարությունը սահմանափակվում էր բժշկական օգնությամբ, թոշակներով, նպաստներով և հատուկ խնամքով` համապատասխան հաստատություններում: Փաստորեն, հաշմանդամները մտնում էին հատուկ և նույնիսկ` առանձնացված քաղաքացիների խմբի մեջ, որոնք հասարակությունից ամբողջովին մեկուսացված էին, զրկված հանրային կրթության և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքից:
Վերջին տարիներին փոխվել են մոտեցումները հաշմանդամության և հաշմանդամների հիմնախնդիրների նկատմամբ: Հայտնի է, որ հաշմանդամներից շատերն ընդունակ և տաղանդավոր մարդիկ են, նրանց աշխատանքն ու ստեղծագործությունը կարող է հասարակությանը մեծ օգուտ բերել: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ընդունված և փորձված մեթոդներն ու մոտեցումները թույլ են տալիս լիովին հարմարեցնել հաշմանդամ մարդկանց ամենօրյա կյանքին և ինտեգրել հասարակություն:
2010թ. հուլիսի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառված է 9292 հաշմանդամ, այդ թվում` 5,3%-ը կազմում են հաշմանդամ երեխաները, 60%-ը` աշխատունակ տարիքի (16-63 տարեկան) անձիք: Նրանց բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
2010թ. սոցապնախարարությունը կազմակերպել է 192 հաշմանդամ քաղաքացիների առողջարանային բուժումը, իսկ 37 հաշմանդամների հատկացվել են հանգստյան տների ուղեգրեր: Ողնաշարային հիվանդությամբ տառապող 1-ին խմբի 16 հաշմանդամներ ուղարկվել են Սակի քաղաքի մասնագիտացված առողջարանային կլինիկա:
Տարեցտարի ավելացվում են հատկացվող միջոցները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական տեխնիկական պարագաների տեսականու ընդլայնման, որակի բարձրացման, ինչպես նաև հաշմանդամների համար եվրոպական արտադրության լսողական ապարատների ձեռքբերման համար:
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, առանց այլ անձի օգնության սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով արդեն 2-րդ տարին է կազմակերպվում տեսողությունից հաշմանդամ անձանց ՙԱրև՚ համակարգով ուսուցումն ու տրամադրվում հատուկ համակարգիչներ: 2010թ. ծրագրից օգտվել է 10 հաշմանդամ:
Եթե ընդհանրացնելու լինեմ, ապա` այս ոլորտում սոցիալական քաղաքականությունը վերջին 3 տարիներին հիմնականում տարվել է հաշմանդամների համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծման ու հավասար հնարավորությունների ապահովման, նրանց համար բժշկական, հոգեբանական և սոցիալական վերականգնման անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու, և որ ամենակարևորն է` պետության և հասարակության ուշադրությունը նրանց հիմնախնդիրներին բևեռելու ուղղություններով:
2. Հաշմանդամների համար ծրագրեր կազմելիս համագործակցու՞մ եք շահագրգիռ մյուս հաստատությունների ու պետական կառույցների հետ:
Իհարկե, հաշմանդամների հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել մեկ գերատեսչության միջոցով. արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ` հաշվի առնելով նաև նրանց կողմից բարձրացված հարցերը: Հաշմանդամների uոցիալական պաշտպանության ոլորտում աշխատանքներն իրականացվում են, այսպես ասած, uոցիալական գործընկերության uկզբունքով: Uոցիալական ուղղվածության ծրագրեր իրականացնելիu համագործակցում ենք նաև հաuարակական կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Սակայն պետք է նկատել, որ այդպիսի ծրագրեր իրագործելիս բացակայում են հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև համագործակցության իրավական մեխանիզմները, ոչ բավարար մակարդակի վրա է պետական կառույցների և հաuարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամների վերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգման և տեղեկատվության փոխանակման դաշտը: Այստեղ անելիքներ դեռ շատ ունենք:
3. Երկու տարի առաջ ԲՍՓ կենտրոնում սկսված բարեփոխումները միանշանակ չընդունվեցին հասարակության, և առաջին հերթին` հաշմանդամների կողմից: Ո՞րն էր այդ բարեփոխումների հիմնական նպատակը և ի ՞նչ խնդիրներ են արձանագրվել այդ դաշտում:
Հանրապետությունում իրականացվող` հաշմանդամներին աջակցության ծրագրերին զուգահեռ, նաև` ոլորտում հասցեականությունը բարձրացնելու և սոցիալական արդարություն ապահովելու նպատակով, արդեն իսկ սահմանված հաշմանդամության խմբերի օրինականությունն ու հիմնավորվածությունը պարզելու խնդիր էր ծագել: Այդ նպատակով էլ, սկսած 2009թ. հոկտեմբերից, պետական կառավարման համակարգի մարմիններում աշխատող հաշմանդամների շրջանում հսկողական փորձաքննություն է իրականացվել, որի արդյունքները, մեղմ ասած, մտահոգության տեղիք են տվել: Դա մեկ անգամ ևս ընդգծում է հետևողական լինելու անհրաժեշտությունը:
Երկու տարի առաջ ԲՍՓ կենտրոնում սկսված բարեփոխման նպատակն էր համապատասխանեցնել կենտրոնի գործունեությունը գործող օրենսդրական դաշտին: Այդ գործընթացը ունեցավ նաև կողմնակի էֆեկտ. հնարավոր դարձավ ավելի ցածր հաշմանդամության խումբ կամ ընդհանրապես հաշմանդամություն չսահմանել` ելնելով քաղաքացու իրական առողջական վիճակից և գործող չափորոշիչներից: Բնականաբար, այսպիսի քաղաքացիների և նրանց մտերիմների մոտ առաջացել է դժգոհություն, որի իրական պատճառները կրում են զուտ ֆինանսական բնույթ:
Ներկայումս հստակեցված է այն հանգամանքը, որ քաղաքացու մոտ հիվանդությունից բացի այլ սոցիալական խնդիրներ լինելու պարագայում դրանց լուծումը պետությունը փորձի տալ համապատասխան սոցծրագրերի շրջանակներում: ԲՍՓ կենտրոնի փորձագետի լիազորությունները պետք է սահմանափակվեն միայն նրանով, որ բժիշկը փորձաքննության ժամանակ պատասխանի միայն մեկ հարցի` տվյալ քաղաքացու մոտ առկա հիվանդությունը բերել է հաշմանդամության, թե` ոչ:
Կարծում եմ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ վերջերս նման փորձաքննություններին ընդգրկվել են նաև ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի, ԼՂՀ առողջապահության նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցբաժնի, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ներկայացուցիչները, նույնիսկ` 1-ին դեմքերի մակարդակով: Կոլեգիալ նիստում քննարկումները փաստել են, որ դժգոհությունների հիմնական պատճառը պետք է որոնել առաջնակի բժշկական ծառայություններում, և բարեփոխումների անցկացման ու մոտեցումների վերանայման կարիք է զգացվում նաև այդ օղակում:
Պետք է փորձենք փոխել մեր, և, ընդհանրապես, հասարակության մոտ արմատավորված կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ: Հուսով եմ` մեր կողմից որդեգրված քաղաքականությունն ըմբռնումով է ընդունում մեր հասարակության գիտակից մասը:
4. Հաշմանդամների համար ի ՞նչ սոցիալական զարգացման և վերականգնման ծրագրեր են նախատեսվում 2011-ին :
Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2011թ. իրականացվելու են հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ու նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Հաշմանդամների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով կներդրվի ՙԴրամական օժանդակություն հաշմանդամներին` ինքնազբաղվածության ապահովման նպատակով՚ ծրագիրը:
Կշարունակի ուշադրության կենտրոնում պահվել հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգը: Ներկա դրությամբ այդպիսին իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատությունում, այնպես էլ տնային պայմաններում. Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում է 41 միայնակ հաշմանդամ, իսկ 51 հաշմանդամներ սպասարկվում են տնային պայմաններում:
Մինչ այժմ հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումը տնային պայմաններում իրականացվում էր միայն Ստեփանակերտ քաղաքում: 2011թ. նախատեսվում է այն կազմակերպել նաև շրջկենտրոններում: Կյանքի կկոչվի ՙՏնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին, հաշմանդամներին և սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ամենամսյա օժանդակության տրամադրում՚ ծրագիրը:
2011 թ. կավելացվի առողջարանային բուժման ուղեգրերի քանակը:
Կշարունակվի հիշյալ կարգավիճակի անձանց տրամադրվել ամենամսյա դրամական օգնություն, և կենսաթոշակ, որոնք, ի դեպ, 2010թ. մայիս-նոյեմբեր ամիսներին բարձրացվել են շուրջ 30%-ով:
Իսկ կազմակերպչական առումով հաշմանդամների վերականգնման գործընթացը կշարունակի իրականացնել ԼՂՀ առողջապահության նախարարության համակարգում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը: Վերականգնողական միջոցառումները կիրականացվեն հաշմանդամի առողջության, աշխատունակության եւ uոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով: Դա կնպաuտի նրանց հաuարակություն արդյունավետ ինտեգրվելուն: