Ազոխ գյուղում հրավիրված հաշվետու ժողովում

ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը ս.թ. փետրվարի 3-ին մասնակցեց Հադրութի շրջանի Ազոխ գյուղում հրավիրված հաշվետու ժողովին, որի ընթացքում համայնքապետ Գ. Գևորգյանը հանդես եկավ  2010 թվականին իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ և ներկայացրեց 2011 թվականի անելիքները: Ժողովին մասնակցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ   Վ Գասպարյանը:
Հանդիպման ընթացքում համայնքապետը անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին ակումբի վերանորոգմանը, գյուղի ներքին ջրամատակարարմանը և շտապ օգնության մեքենայի բացակայությանը: Բավարար  գնահատելով ներկայացված հաշվետվությունը`  նախարարը պարզաբանումներ տվեց առաջադրված խնդիրների շուրջ:
Օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելուց հետո  Ն. Ասծատրյանը կատարեց ընդունելություն` պատասխանելով ներկաներին հուզող հարցերին. հատուկ ուշադրության արժանացան երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բնակչության զբաղվածության խնդիրները: Բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերվում էր գյուղում համապատասխան գյուղտեխնիկայի անհրաժեշտությանը, որի բացակայության պատճառով 2010 թվականի բերքահավաքը հետաձգվել է:
Որոշ հարցեր  տեղում լուծում ստացան, իսկ մի մասը` լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

ԿԻՍՎԵԼ