Ս.թ. փետրվարի 24-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը մասնակցեց Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում հրավիրված հաշվետու ժողովին, որի ընթացքում Մաղավուզի համայնքապետ Լավրենտ Բադալյանը հանդես եկավ 2010 թվականին իրականացրած աշխատանքների հաշվետվությամբ և պատասխանեց համագյուղացիներին հուզող հարցերին: Ժողովին մասնակցում էր Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Ժիրայր Գաբրիելյանը:
Հանդիպման ընթացքում համայնքապետը անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցին հարակից և ծայրամասային տեղերում ջրամատակարարմանը, մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապի բացակայությանը, ակումբի և գրադարանի շենքի վերանորոգմանը, գյուղի դպրոցի մարզադահլիճի լուսավորմանը, եկեղեցու անմխիթար վիճակին և այլն:Կատարած աշխատանքը գնահատվեց բավարար:
Օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելուց հետո Ն. Ասծատրյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Առաջադրված հարցերը հիմնականում վերաբերում էին բնակելի տների և տանիքների վերանորոգմանը, բուժկետի կառուցմանը, հուշարձանի վերանորոգմանը: Որոշ հարցեր տեղում լուծում ստացան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերի վերաբերյալ նախարարը նշեց, որ իր կողմից հանձնարարականներ կտրվեն համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` հնարավորինս սեղմ ժամկետում օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: