Շուշիի համայնքապետի հաշվետվություն

Ս.թ. փետրվարի 26-ին Շուշի քաղաքում հրավիրված քաղաքային համայնքի ավագանու նիստին Շուշիի քաղաքապետ Կ. Ավագիմյանը հանդես եկավ 2010 թվականին  իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությամբ և նախանշեց 2011 թվականի անելիքները: Նիստին  մասնակցում էին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ  Խաչատրյանը:
Օրակարգում ընդգրկված էր 2 հարց` Շուշիի քաղաքային համայնքի 2010թ. տարեկան բյուջեի կատարողականը և Շուշիի քաղաքապետի հաշվետվությունը` 2010թ.  կատարած աշխատանքների մասին:
Նիստում անդրադարձ եղավ քաղաքացիների հետ առաջացող խնդիրներին: Նախարարը հետաքրքրվեց մասնավորապես հողի հարկի և գույքահարկի մասով  տեղական միջոցներից ձևավորվող բյուջեի կատարողականի ցածր մակարդակի պատճառներով և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներով: Շրջվարչակազմի ղեկավար Ք. Խաչատրյանը  նշեց, որ իր կողմից համապատասխան հանձնարարականներ են  տրվել  համայնքի ղեկավարին` դատական կարգով վերոհիշյալ հարկերը հավաքագրելու նպատակով:
Օրակարգը սպառելուց հետո անցկացրած քվեարկության արդյունքում Շուշի համայնքի ավագանու անդամները բավարար գնահատեցին 2010թ. իրականացված աշխատանքները:
Այնուհետև ավագանու անդամ Մ. Հարությունյանը ներկայացրեց առկա խնդիրները`  մասնավորապես  ծայրամասային փողոցների լուսավորման և երթուղային տրանսպորտով ապահովելու, ինչպես նաև չորացած  ծառերը նորերով փոխարինելու խնդիրները:
Համաճարակաբանության և հիգիենայի  կենտրոնի Շուշիի տարածքային բաժնի պատասխանատու Զ. Նազարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց  ջրամատակարարման խնդրին և առաջարկեց իրականացնել տարածքում գտնվող  ջրային պաշարների առավել արդյունավետ օգտագործում, այսինքն` ցուրտ ձմեռային եղանակներին ջրախողովակների օգտագործման հետ կապված խնդիրների դեպքում կարելի է նաև մեկնարկել աղբյուր-հուշարձանների շահագործումը` դրանով իսկ լուծելով բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցը:

ԿԻՍՎԵԼ