Ս.թ. մարտի 22-ի ԼՂՀ կառավարության նիստում

Ս.թ. մարտի 22-ին տեղի ունեցած ԼՂՀ կառավարության նիստում քննարկվեց և հավանության արժանացավ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից մշակված` ՙԼՂՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրինագիծը, որը վերաբերում է դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակային ապահովության, մասնավորապես` պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարի հետ կապված հարցերին:
Ստորև ներկայացվում են ամենամսյա հավելավճարին առնչվող հիմնական դրույթները համաձայն գործող օրենքի և նույն դրույթները` օրինագծի ընդունման դեպքում.
1. Գործող օրենքի համաձայն`
– ամենամսյա հավելավճարի իրավունք ունեն համապատասխան հիմքերով դատավորի պաշտոնից ազատված այն անձինք, ովքեր որպես դատավոր պաշտոնավարել են 10 և ավելի տարի,
– հավելավճարի չափը հաշվարկվում է անձի` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձից,
– հավելավճարը սահմանվում է անձի` ցանկացած տեսակի կենսաթոշակի նկատմամբ,
– դատավորների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման դեպքում նշանակված հավելավճարի չափը չի վերահաշվարկվում,
2. Օրինագծի ընդունման դեպքում`
– ամենամսյա հավելավճարի իրավունք կունենան նաև համապատասխան հիմքերով դատավորի պաշտոնից ազատված այն անձինք, ովքեր որպես դատավոր պաշտոնավարել են 10 տարուց քիչ, սակայն առնվազն 5 տարի,
– հավելավճարի չափը կհաշվարկվի անձի` վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձից,
– հավելավճարը կսահմանվի միայն ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ԼՂՀ օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի նկատմամբ, այսինքն` 63 տարին լրացած անձանց

– դատավորների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման դեպքում նշանակված հավելավճարի չափը կվերահաշվարկվի` դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն:
ԼՂՀ կառավարության կողմից օրինագիծը ներկայացվել է ԼՂՀ Ազգային ժողովի քննարկմանը, որին, որպես կառավարության ներկայացուցիչ, կմասնակցի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն. Ասծատրյանը:

ԿԻՍՎԵԼ