2011 թվականի մայիսի 5-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում տեղի ունեցավ փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն.Ասծատրյանը:
Հանձնաժողովի անդամներից բացի նիստի աշխատանքներին մասնակից էին դարձել Ադրբեջանում աշխատած տարիների ապահովագրական ստաժը վերականգնելու համար դիմած քաղաքացիները ևս:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էին 5 դիմում, որոնք քննարկվեցին ԼՂՀ կառավարության 24.08.2010թ. թիվ 522-Ն որոշմամբ հաստատված` Ադրբեջանից բռնագաղթված անձանց կորցված ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանելու կարգին համապատասխան` նրանց գրավոր դիմում-հայտարարությունների և անուղղակի փաստաթղթերի հիման վրա:
Մասնավորապես, ստաժի սահմանման ժամանակ հաշվի առնվեցին դիմումատուների տարիքը, կրթությունը, զինապարտությունը, բռնագաղթվելու տարեթիվը, նախարարության միգրացիայի վարչությունում և ՙՍոցիալական ապահովության ծառայություն՚ գործակալությունում առկա այն փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս առավելագույնս վերականգնել նրանց աշխատանքային գործունեության ընթացքը և հավաստիացնելով ներկայացված հայտարարությունները` սահմանել համապատասխան ստաժ:
Արդյունքում բոլոր դիմումները բավարարվեցին:
Նշենք, որ հանձնաժողովի կողմից սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների նշանակման և օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար: