Հանուն ամուր ընտանիքի

 Հիշարժան տարեթվերի օրացույցում մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր:
Իբրև  հասարակության կառուցվածքային  միավոր, ընտանիքը միշտ եղել և մնում է մարդկային ու մշակութային արժեքների  պահապան, ապահովում է սերունդների պատմական շարունակականությունը, հանդես է գալիս կայունության ու զարգացման գործոն: Հենց ընտանիքում է երեխան առաջին անգամ անպարփակ  ուրախություն ապրում ծնողական սիրո ջերմությունից: Ընտանիքից է սկսվում մարդու կյանքը, այստեղ  է տեղի ունենում նրա ձևավորումը  որպես քաղաքացի:
Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության, հավատարմության ու նվիրվածության  աղբյուր է: Շնորհիվ ընտանիքի, ամրապնդվում և զարգանում է պետությունը, բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը: Պատահական չէ, որ ընտանիքի բարեհաջողությունը ոչ հազվադեպ  օգտագործվում է որպես երկրի զարգացման և առաջընթացի չափանիշ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտանիքը պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական օբյեկտ է: Ավանդապաշտ, առողջ և ամուր ընտանիքների ստեղծմանն ու ժողովրդագրական իրավիճակի հետագա բարելավմանը նպատակաուղղված են մի շարք ծրագրեր: Վերջին տարիներս, ի թիվս այլ կարևոր ծրագրերի, հատկապես առանձնանում է պետական աջակցության ծրագիրը երիտասարդ ընտանիքներին:
Շնորհավորելով ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, արցախյան բոլոր ընտանիքներին  մաղթում եմ սեր, հավատ, միություն և, իհարկե, բարեկեցություն:

ԼՂՀ սոցապահովության նախարար
Ն. Ասծատրյան

ԿԻՍՎԵԼ