Այսօր սոցիալական աշխատողի օրն է: Այս տոնը, որ սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010թ. դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշմամբ, վերստին վկայում է սոցիալական աշխատողների ոչ դյուրին աշխատանքի գնահատման մասին: Եվ անչափ խորհրդանշական է, որ այսօր, սոցիալական աշխատողի օրը, տոնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության համակարգի 80-ամյա հոբելյանը:
Մեզ համար մենք ընտրել ենք բարդ ու պատասխանատու, բայց և միաժամանակ շնորհակալ մասնագիտություն: Այդ մասնագիտությունը պահանջում է ոչ միայն խոր գիտելիքներ և բարձր որակավորում, այլև հատուկ բարոյական հատկանիշներ, առաջին հերթին` հոգեպես կարեկցելու ունակություն և իրապես աջակցելու ցանկություն: Յուրաքանչյուր օր սոցիալական աշխատողների փխրուն ուսերին են ծանրանում կենսաթոշակառուների, հաշմանդամների, տարեցների, անապահով ընտանիքների, առանց խնամքի մնացած երեխաների, պարզապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց բազում հիմնախնդիրներ: Անկախ հանգամանքներից, դուք, ձեր սրտի կանչին ունկնդիր, բարի խոսքով, ջերմ ու գթասիրտ վերաբերմունքով թեթևացնում եք նրանց հոգսերը և, ամենակարևորը` նրանց հավատ եք ներշնչում վաղվա օրվա հանդեպ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության համակարգի 80-ամյակի և սոցիալական աշխատողի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորին, մաղթում քաջառողջություն, երջանկություն ու հետագա հաջողություններ` ձեր պատասխանատու և մարդկանց այնքան անհրաժեշտ աշխատանքում:
ԼՂՀ ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱՐԻՆԵ ԱՍԾԱՏՐՅԱՆ