Սիրելի հայրենակիցներ
ԼՂՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ՝ սոցիալական ապահովության համակարգի աշխատողներիդ, Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Հաճելի է գիտակցել, որ հունիսի 10-ին ԼՂՀ-ում առաջին անգամ նշվող ձեր մասնագիտական տոնը համընկնում է ուշագրավ պատմական իրադարձության՝ Լեռնային Ղարաբաղի սոցիալական համակարգի ստեղծման, դարձյալ հունիս ամսին լրացող 80-ամյա հոբելյանի հետ, ինչի կապակցությամբ նույնպես հղում եմ մեր ջերմ շնորհավորանքը ոլորտի նախորդ և ներկա սերունդների բոլոր աշխատողներին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ մեր ժողովուրդը կյանքի է կոչել քսաներորդ դարավերջի իր ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ, ի սկզբանե որդեգրել է անկախ, ինքնիշխան պետականության կերտման համընդունելի ժողովրդավարական նորմեր, այդ թվում՝ որպես կարևորագույն և առաջնահերթ հանրային-քաղաքական սկզբունք, սոցիալական կողմնորոշում։
Ի տես համայն աշխարհի և հուրախություն բոլորիս՝ անցած շուրջ երկու տասնամյա ժամանակահատվածը փաստացի վկայությունն է այն անժխտելի իրողության, որ մեր նորակերտ պետությունը հավատարիմ է մնում իր հռչակած ելակետային սկզբունքներին։ Այդ է հավաստում նաև երկրի Հիմնական օրենքը, որի առաջին իսկ հոդվածում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Ի կատարումն սահմանադրական նորմի՝ ԼՂՀ ամենամյա պետական բյուջեն անփոփոխ կրում է սոցիալական ուղղվածության բնույթ, որպես շարունակական գործընթաց՝ տարեցտարի հղկվում, բարեփոխվում է ոլորտի իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությունը։
Պետական սոցիալական քաղաքականության լիարժեք իրագործման խնդրում, հիրավի, անգնահատելի է ձեր՝ սոցիալական ոլորտի նախկին ու ներկայիս աշխատողներիդ, ավանդը։ Անվիճելի է, որ համակարգի ծառայություններից օգտվող ամենատարբեր սոցիալական խավերի ու խմբերի քաղաքացիների նկատմամբ ձեր ուշադիր և հոգածու վերաբերմունքով է նաև մեծապես պայմանավորված մեր երկրում առողջ հանրային մթնոլորտի առկայությունը։
Վերստին շնորհավոր ձեր տոնը։
Ամենայն բարիք ձեզ ու նոր հաջողություններ ձեր ազգանպաստ գործում։
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ