ԼՂՀ կառավարության ս.թ. հունիսի 21-ի նիստում գործադիրը հաստատեց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից առաջարկված` գործատուի մոտ աշխատողին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասը հատուցելու նոր կարգ, որն ուժի մեջ է մտնում ս.թ. հուլիսի 1-ից: Միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց 2007թ. հունվարից գործող կարգը:
Նախարարության այս նախաձեռնությունը պայմանավորված էր առողջության վնասման հետևանքով պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը (30.01.2007թ. N 38) քաղաքացիական և աշխատանքային օրենսդրության դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Աշխատանքային օրենսգրքի 232 հոդվածին համապատասխան սահմանվում են գործատուի նյութական պատասխանատվության առաջացման պայմանները, իսկ քաղաքացիական օրենսգրքի 1081 հոդվածին համապատասխան հստակեցվում է տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց ցանկը:
Որոշմամբ հստակեցվել են նաև աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշելու մեխանիզմները, ընդ որում` աշխատավարձի (եկամտի) բոլոր տեսակները հաշվի պիտի առնվեն մինչև հարկային պահումները եղած չափով: Հաշվի չեն առնվի միանվագ բնույթի վճարները, մասնավորապես, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և արձակման նպաստը: Հաշվի չի առնվի նաև տուժողի առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):
Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու դեպքում կորցրած աշխատավարձի (եկամտի) և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարները պետք է մեծանան աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն. սահմանվել է նշված դեպքում վճարման ենթակա գումարների վերանայման բանաձևը:
Որոշմամբ ամրագրվեց վնասի հատուցում ստանալու համար տուժողի կամ նրա լրազորած անձի կամ վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց կողմից գործատուին ներկայացվելիք փաստաթղթերի ցանկն ու գործատուի կողմից վնասի հատուցում նշանակելու ընթացակարգը:
Միաժամանակ ամրագրվեցին նախկինում սահմանված վնասի չափերի վերանայման և նոր սկզբունքով քաղաքացիներին տրամադրելու դրույթներ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Գործադիրը հաստատել է առողջությանը պատճառված վնասը հատուցելու նոր ընթացակարգ