Հոկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր: Այս տոնական օրը ևս մեկ հնարավորություն է գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ուղղելու մեր հայրերին ու մայրերին, պատերազմի և աշխատանքի վետերաններին, կենսաթոշակառուներին, բոլոր նրանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, ինչպես նաև անդրադառնալու նրանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները:
Այսօր տարեցները խորհրդանշում են ժամանակի և սերունդների կենդանի կապը: Նրանց տարիքն ու կենսափորձը խոր հարգանք են առաջացնում, և նրանք, իրավամբ, լավագույն ավանդույթների պահապանն են, իմաստնության ու բարության խորհրդանիշ: Պատկերավոր ասած, նրանք մեր կենդանի պատմությունն են: Եվ միանգամայն բնական է, որ մենք միշտ լինենք ծերերի կողքին, մեր հոգատար ու ջերմ վերաբերմունքով անհոգ դարձնենք նրանց կյանքը, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ: Ասում են, չէ± ՙՍիրիր տարեցներին, որ ծերության արժանանաս՚: Իրոք, տարեցների հանդեպ հարգանքը հասարակայնության յուրաքանչյուր անդամի պարտքն է, իսկ հոգածությունը` պետական խնդիր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ի դեմս սոցիալական ապահովության նախարարության, կարևորագույն խնդիր է համարում տարեցների արժանապատիվ կյանքի ապահովումը, և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ընկած են պետական քաղաքականության հիմքում:
Սիրելի հայրենակիցներ, տատիկներ ու պապիկներ, ԼՂՀ սոցապահովության նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, մաղթում քաջառողջություն ու երկար տարիների կյանք: Ապրեք անհոգ, ուրախ ու երջանիկ:
ԼՂՀ ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱՐԻՆԵ ԱՍԾԱՏՐՅԱՆ