Բնակարանների բաշխման վիճակահանություն

Այսօր` դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների վիճակահանությունը: Ծրագրի շահառուներ են`  Ստեփանակերտի քաղաքապետարանի արտոնյալ հերթացուցակում հաշվառված Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Բնակարանների տրամադրման թափանցիկության և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` նպատահակարմար է գտնվել հիշյալ ընտանիքներին բնակարանների տրամադրումը կազմակերպել վիճակահանությամբ, որով  կորոշվի յուրաքանչյուր շահառուի հավակնած բնակարանը (վիճակատոմսերում բնակարանի նկարագրությունը ներառում է սենյակների թիվը, հարկը, բնակարանի համարը):
Վիճակահանության կազմակերպման նպատակով բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի 2011թ. դեկտեմբերի 19-ին կայացած նիստի թիվ 2 արձանագրությամբ և ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի ստորագրությամբ ստեղծվել է հանձնաժողով` Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին նաև ԼՂՀ սոցապահովության նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ  սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արամ Գրիգորյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բորիս Ալավերդյանը և ՙԱրցախի ազատամարտիկների միություն՚ ՀԿ մշտական հանձնաժողովի աշխատանքների համակարգող Ալվարո Շեկյանը: Վիճակահանությունը տեղի է ունեցել հրապարակային, մասնակցությամբ` ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի,  պաշտոնատար այլ անձանց և ԶԼՄ-ների ներկայացուցիչների:
Վիճակահանությանը մասնակցում էին 91 շահառուներ:
Ըստ սենյակների քանակի նախընտրության` շահառուները համապատասխանաբար բաժանվել էին հետևյալ ենթախմբերի`
1 սենյականոց`  47 բնակարան
1.5 սենյականոց`  21 բնակարան
2 սենյականոց`  20 բնակարան
3 սենյականոց`   3 բնակարան:
Սպասվում է նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին  բնակարանների տրամադրման մասին հավաստագրերի և բանալիների հանձնման արարողություն, որից հետո միայն հիշյալ քաղաքացիներն  հնարավություն կունենան բնակություն հաստատել իրենց հատկացված բնակարաններում:

ԿԻՍՎԵԼ