Բոլոր ընտանիքների պես ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող “Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության” մեծ ընտանիքում էլ ամանորը գալիս է ջերմությամբ ու անակնկալներով: Հաստատությունում ապրում են մինչև 18 տարեկան 35 երեխաներ, որոնք առանձնակի ջերմությամբ և մեձ խանդավառությամբ են նախապատրաստվում տոներին:
Շքամուտքում տեղադրված` hատակից մինչև առաստաղ ձգվող տոնածառը, սաների երևակայությամբ և ձեռքի աշխատանքներով զարդարված պատերը հուշում են, որ այստեղ ամանորն ամենասպասված և ամենացանկալի տոներից մեկն է: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս մշակվել է միջոցառումների ցանկ, սաների նախասիրությամբ կազմվել ամանորի գիշերվա ճաշացանկը: Տոնակատարությանը իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում երեխաները, հաստատության դաստիարակների օգնությամբ կազմակերպում հանդեսներ, ցերեկույթներ: Ամանորի գիշերվա արարողությանը մասնակցում են բոլոր սաները` հաստատության դաստիարակների եւ աշխատակիցների հետ միասին: Համատեղ մի սեղանի շուրջ են դիմավորում Նոր տարվա մեկնարկը:
Ամանորյա տոների և Սուրբ Ծննդի նախաշեմին նրանց տոնը ջերմությամբ են լցնում բարին կամեցողները` ԼՂՀ պետական և ոչ պետական կառույցների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ: ԼՂՀ կառավարության կողմից ստանում են իրենց ավանդական նվեր-տոպրակները, որոնք պարունակում են աղանդեր ու քաղցրավենիք: