Նարինե Ալեքսանդրի, ի ՞նչ ծրագրեր են իրականացվել 2011-ին: Եղե ՞լ են այնպիսիք, որ նախատեսված էին, բայց ավարտին չեն հասցվել:
2011թ. ԼՂՀ սոցապահովության նախարարությունը շարունակել է իր որդեգրած քաղաքականությունը, որի հիմնական նպատակներն են ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, քաղաքացու կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հասարակության տարբեր խավերի մեջ սոցիալական բևեռացման մեղմացումը, կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործումը և զբաղվածության քաղաքականության վարումը:
Ընդհանուր առմամբ, անցած տարվա պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված էր 16,8 մլրդ դրամ` սոցիալական բնույթ կրող 50 ծրագրի իրականացման համար: Համեմատության համար նշենք, որ 2010թ. պետբյուջեով նախատեսված գումարը կազմել է շուրջ 15,6 մլրդ դրամ, իսկ իրականացված ծրագրերի թիվը` 41:
Առաջ անցնելով, նշեմ, որ 2012թ. պետբյուջեի նախագծով սոցպաշտպանության ոլորտում իրականացվելիք 53 ծրագրի համար նախատեսված են ավելի քան 18,3 մլրդ դրամի հատկացումներ, ինչը կազմում է պետբյուջեի ծախսային մասի 26,1%-ը:
2011թ. ընթացքում իրականացված ծրագրերի շարքում կարելի է առանձնացնել.
– ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնց թվում` ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստների տրամադրումը, ընտանիքում ծնված 3 և հաջորդ երեխայի անվամբ ժամկետային նպատակային ավանդի բացումը, ինչպես նաև` բազմազավակ (6 և ավելի) ընտանիքներին բնակտարածքով ապահովումը,
– պետական նպաստները և կենսաթոշակային ապահովությունը, որոնք ներառում են մեկ տասնյակից ավելի ծրագրեր,
– աշխատանքի և զբաղվածության ոլորտի ծրագրերը, որոնց թվում առանձնանում են գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը,
– հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության ծրագրերը, որոնց թվում են հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, սայլակների և այլ հարմարանքների, լսողական սարքերի տրամադրումը, աչքի պրոթեզավորումը, առողջարանային բուժման կազմակերպումը, ինչպես նաև առանձին խմբերի քաղաքացիներին հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնության ցուցաբերումը և այլն,
– միգրացիոն ոլորտի ծրագրերը, որոնք ներառում են փախստականների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև հանրապետության համար հույժ կարևոր` վերաբնակեցման ծրագիրը: Եվ, իհարկե, բնակարանային ծրագրերը, որոնք կցանկանայի առավել մանրամասն ներկայացնել թերթի ընթերցողներին: Բոլորովին վերջերս զոհված զինծառայողների 91 ընտանիքների մայրաքաղաք Ստեփանակերտում հատկացվել են նոր բնակարաններ, ինչը Արցախի նորագույն պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում մեզ կհաջողվի ամբողջությամբ լուծել զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրը, որը, ինչպես գիտեք, ամրագրված էր Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրային դրույթներով:
Բնակարանային ոլորտին առնչվող խնդրի համատեքստում նշեմ, որ մինչև տարեվերջ բնակարաններ կհատկացվեն նաև առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխաների, ընդ որում` կահույքով և կենցաղային պարագաներով կահավորված:
2012-ի անելիքների շարքում ի ՞նչ ծրագրեր են նախատեսվում: Ո ՞րն եք դրանցից առավել կարևորում:
– 2012-ին միանշանակ կշարունակվեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են 2011թ. ընթացքում: Դեռ ավելին, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կառնչվեն զբաղվածության ոլորտին և միտված կլինեն այդ ոլորտում վարվող պետական քաղաքականության ակտիվացմանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ցանկացած ծրագիր կարևոր է յուրովի, և ավելացնեմ, բնակչության կենսամակարդակի բարձրացման և սոցիալական լարվածության մեղմացման համար կարևորվում է իրականացվող բոլոր ծրագրերի համակցությունը: Այս առումով, դժվար է առանձնացնել որևէ ծրագիր կամ գերակայություն տալ դրանցից մեկին, սակայն կցանկանայի անդրադառնալ բնակչության կենսաթոշակային ապահովությանը և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
2011-ին հսկայական շատ աշխատանքներ ենք իրականացրել: Նախարարության նախաձեռնությամբ մշակվել, անցնելով բոլոր ընթացակարգերն` ընդունվել և 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՙՊետական կենսաթոշակների մասին՚ նոր օրենքը, որի հիմնական նպատակներից են կենսաթոշակառուների իրավունքների և երաշխիքների ամրապնդումը, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրապետությունում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուրվագծերի սահմանումը: Հավելեմ, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կարևորագույն տարրերից մեկը պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովությունն է, որը կսկսի գործել 2014թ. և պարտադիրության սկզբունքով կտարածվի այդ պահի դրությամբ 40 տարին չլրացած անձանց վրա:
Չեն անտեսվի նաև ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցերը:
Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ խոսել 2012թ. հունվարից նախատեսված` կենսաթոշակների չափերի բարձրացման մասին: Այսպես, աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների միջին չափերը կկազմեն համապատասխանաբար 32600 և 17000 դրամ` 2011թ. համեմատ աճելով 11,3 և 24,1 տոկոսով:
Աճ կարձանագրվի նաև հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող կենսաթոշակների և ամենամսյա դրամական օգնությունների ընդհանուր գումարների միջին չափերում:
Օգտվելով առիթից` ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ սեր ու համերաշխություն, բարեկեցություն, խաղաղ պայմաններում արարելու հնարավորություն, բյուր մանուկների ծնունդ: Ուզում եմ հավաստիացնել, որ վերջին տարիներին հանրապետությունում մեկնարկած սոցիալական ծրագրերը ոչ միայն շարունակություն են ունենալու, այլև կյանքի են կոչվելու նորերը:
Թող Նոր տարին բոլորիս համար լինի ստեղծագործ աշխատանքի, ընտանեկան երջանկության ու բարօրության տարի: