Ս.թ. փետրվարի 25-ին Շուշի քաղաքում հրավիրված քաղաքային համայնքի ավագանու նիստին Շուշիի քաղաքապետ Կ. Ավագիմյանը հանդես եկավ 2011 թվականին քաղաքում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությամբ և նախանշեց 2012 թվականի անելիքները: Նիստին մասնակցում էին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը:
Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Շուշիի քաղաքային համայնքի 2011թ. տարեկան բյուջեի կատարողականը և Շուշիի քաղաքապետի հաշվետվությունը` 2011թ. կատարած աշխատանքների մասին:
Օրակարգը սպառելուց հետո անցկացրած քվեարկության արդյունքում Շուշի համայնքի ավագանու անդամները բավարար գնահատեցին 2011թ. իրականացված աշխատանքները:
Նիստում անդրադարձ եղավ քաղաքացիների հետ ծագող խնդիրներին:
Այնուհետև Շուշիի տարածքային զինկոմիսարիատի պետ Ա.Սողոմոնյանը բարձրացրեց Շուշի քաղաքի ջրամատակարարման հարցը, որին ի պատասխան վարչակազմի ղեկավար Քաջիկ Խաչատրյանը նշեց, որ 2012 թվականին 1-ին և 2-րդ քաղաքային գոտիները կապահովվեն ջրով, ինչպես նաև պլանավորված է կատարել ֆիլտրկայանի մաքրման աշխատանքներ:
Փոխքաղաքապետ Յ. Ավանեսյանը բարձրացրեց շենքերի ջրամատակարարման հետ կապված խնդիրը. բնակելի շինությունների ջրախողովակների և անխափան ջրամատակարարման հետ կապված խնդիրների ծագման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմին:
Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի Շուշիի տարածքային բաժնի պատասխանատու Զ. Նազարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց աղբի և աղբահանման աշխատանքների իրականացման ցածր մակարդակի վրա: Ի պատասխան` Շուշիի քաղաքապետ Կ. Ավագիմյանը նշեց, որ քաղաքում աշխատում է մեկ աղբահանման մեքենա, անհրաժեշտ է շտապ լուծել երկրորդ մեքենայի ձեռքբերման խնդիրը:
Շուշի քաղաքի թատրոնի տնօրեն Լ. Հարությունյանը խնդրեց, որ թատրոնի համար տրամադրվի մեկ միկրոավտոբուս:
Հանդիպման վերջում նախարար Ն. Ասծատրյանը խոստացավ բոլոր առաջադրված հարցերը ներկայացնել կառավարության քննարկմանը: