Ս.թ. հունիսի 20-ին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության անմիջական նախաձեռնությամբ և սոցաշխատողի ուղեկցությամբ ԼՂՀ պատերազմի 1-ին խմբի 17 հաշմանդամներ ուղեգրվեցին ՈՒկրաինայի Սակի քաղաքի ՙՆ.Ն.Բուրդենկոյի անվան ողնաշարային առողջարան՚, որը մասնագիտացված է հատկապես ցեխաբուժությամբ և նախատեսված է ողնաշարային վնասվածք ունեցող հաշմանդամների համար:
Առողջարանը տեղակայված է Ղրիմի արևմտյան ափին: Նշված առողջարանում սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար ստեղծված են բացառիկ պայմաններ` ազատ ու անարգել տեղաշարժման, լիարժեք հանգստի ու բուժման համար: Հաշմանդամները հնարավորություն ունեին իրենց հանգիստն անցկացնել առողջարանի մերձակա ծովափում` հաշմանդամների համար հարմարեցված բոլոր պայմաններով: Բուժվող հիվանդների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները ոչ միայն լիարժեք ակտիվ հանգստի համար, այլ նաև ժամանակակից որակյալ հետազոտման և սանատոր-կուրորտային բուժման:
Նշենք նաև կարևորագույն հանգամանքներից ևս մեկը, այն, որ հենց ինքը` Սակի քաղաքը, լրիվությամբ հարմարեցված է հաշմանդամների հանգստանալու, բուժվելու, և ընդհանրապես, բոլոր կարիքները բավարարելու համար: Առողջարանի տարածքում և քաղաքի բոլոր պետական և ոչ պետական նշանակություն ունեցող վայրերում, կենցաղային, առևտրային, հասարակական սպասարկման սննդի կետերում, հանգստավայրերում և մյուս բոլոր հաստատություններում ստեղծված են հաշմանդամներին` մասնավորապես սայլակներով հաշմանդամներին, միջազգային չափանիշներին հարմարեցրած համապատասխան բոլոր պայմանները:
Կազմակերպչական բարձր մակարդակն ու հարմարավետ պայմանների առկայությունն ապահովեցին հաշմանդամների լիարժեք հանգիստը: Ողջ հանգստի ընթացքում հաշմանդամները զգացել են նաև տեղի հայկական համայնքի ուշադրությունն ու հոգատարությունը:
Անշուշտ, սա ևս մեկ հավաստում է այն իրողության, որ հաշմանդամ քաղաքացիներն ինտեգրվում են հասարակություն և մշտապես առկա է կառավարության վերաբերմունքը սոցիալական այդ խմբի նկատմամբ: