Տարեցների միջազգային օր

Հարգելի հայրենակիցներ
Ամեն տարի հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր, ինչի առթիվ շնորհավորում եմ մեր տարեցներին եւ ցանկանում նրանց առաջին հերթին առողջություն եւ բարեկեցիկ կյանք:
Այս տոնական օրը առիթ է մեկ անգամ եւս մեծարելու մեր մայրերին ու հայրերին, տատիկներին ու պապիկներին, ում նկատմամբ հայերս ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք ենք դրսեւորել՝ իբրեւ ընտանիքի սյուն, իբրեւ հայոց ազնվական տան պահապան:
Տարեցները մեր պետության, մասնավորապես՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում են: Ինչի վկայությունն է նաեւ ս.թ. սեպտեմբերի 24-ին “Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի կապիտալ վերանորոգված նոր մասնաշենքի բացումը, որն իրականություն է դարձել “Հայաստան” համահայկական հիմնադրամի բարերար անդամ, “Լուդինգ” ընկերության հիմնադիր, մոսկվաբնակ գործարար Արմեն Շահազիզյանի ֆինանսավորման եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորման շնորհիվ:
Այսօր հատկապես ուշադիր վերաբերմունքի եւ ջերմության կարիք ունեն հանգամանքների բերումով խնամքի կենտրոններում իրենց օրերն անցկացնող տարեցները։ Սա ոչ միայն պետության, այլեւ յուրաքանչյուրիս պարտականությունն է՝ անել հնարավորը, որպեսզի այս մարդիկ իրենց զգան հասարակության լիարժեք անդամ։
Իհարկե, դեռեւս լիարժեք լուծված չեն տարեց մարդկանց բոլոր հիմնախնդիրները: Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ միշտ պարտք ենք Ձեզ։
Սիրելի տատիկներ ու պապիկներ, նախարարության եւ անձամբ իմ անունից մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ եւ ապրեք արժանավայել կյանքով:

 

 

 

Հարգանքներով՝
ԼՂՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար 
ՆԱՐԻՆԵ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

ԿԻՍՎԵԼ