Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում: Ջերմորեն շնորհավորելով տարեցների միջազգային օրը` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լենստոն Ղուլյանը նրանց մաղթեց քաջառողջություն և բարեկեցիկ կյանք: Միջոցառման ժամանակ պարգևներ հանձնվեցին տարեցների հիմնախնդիրներով զբաղվող` Ստեփանակերտի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վլադիմիր Գաբրիելյանին, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ջհանգիրյանին, ԼՂՀ աշխատանքի և պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանին, կենսաթոշակառու Խորեն Հուռումյանին, ում համար հոկտեմբերի 1-ը նաև ծննդյան օր է: Նախարարության կողմից օրվա նախօրյակին նվեր հանձնվեց նաև Ստեփանակերտում բնակվող ամենատարեց քաղաքացուն, ով հնարավորություն չուներ ներկայանալու միջոցառմանը:
ԼՂՀ աշխատանքի և պատերազմի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը, շնորհավորելով ավագ սերնդի ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ուշադրության համար:
Վերջում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ցուցադրեց Ժիրայր Անանյանի ՙԼույս քեզ տեսնողին՚ պիեսը:
Տարեցների միջազգային օրը տոնական միջոցառում կազմակերպվեց նաև ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ-ում` իրենց օրերն այնտեղ անցկացնող տարեցների համար, ովքեր առավել շատ են զգում նման վերաբերմունքի ու ջերմության կարիք: