ՆՈՅԵՄԲԵՐԻ 13–Ը ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: 1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել հայտնի ուսուցիչ, Փարիզում եւ Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։
Մինչ այդ աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Վ. Հայուին, իր իսկ ստեղծած տառատեսակով, առաջինն է ցուցադրել կույրերին սովորեցնելու եղանակը: Նրա համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր ունեն տեսողության հետ խնդիրներ, կարող են շատ ավելի օգտակար լինել հասարակությանը, քան մարդիկ կարծում են:
Օրվա խորհուրդն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել տեսողությունը կորցրած մարդկանց ու նրանց խնդիրներին, ովքեր ավելի հոգատար ու ջերմ վերաբերմունքի կարիք ունեն, քանզի միայն մշտական ուշադրությունն ու հոգատարությունը կօգնեն նրանց՝ օտարված չզգալ շրջապատից։
Հաշմանդամների խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, սկսած 2009 թվականից, տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ՙԱրեւ՚ ծրագրի շրջանակներում կազմակերպում է համակարգչային տեխնիկայի յուրացման դասընթացներ եւ ուսուցումը հաջողությամբ ավարտած քաղաքացիներին տրվում են վկայականներ ու համակարգչային լրակազմ տեխնիկա։ Ծրագիրը նպաստում է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին տիրապետել համակարգչին, ձեռք բերել ինքնուրույնություն եւ ինտեգրվել հասարակական կյանքին։
Սիրելի հայրենակիցներ, Ձեր նկատմամբ հոգատար վերաբերմունքը մեզ համար ոչ թե միջազգային մեկ օրվա, այլ՝ առօրեական գործ է։ Միշտ շրջապատված եղեք սիրով ու ջերմությամբ։

ԿԻՍՎԵԼ