Դեկտեմբերի 1-ին` հաշմանդամների միջազգային օրվա նախաշեմին, Ստեփանակերտի <<Սոֆիա>> կենտրոնում հանդիպում էր կազմակերպվել սահմանափակ կարողություններով երեխաների հետ: Նպատակն էր երեխաների օրը դարձնել հետաքրքիր ու բազմաբովանդակ. համերգ, ուրախ ժամանց, հյուրասիրություն ու նվերներ, մի քանի ժամ երեխաներն անցկացրին ուրախ ու անհոգ մթնոլորտում: Ողջույնի իր խոսքում ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը մասնավորապես ասաց. <<Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր սերն ու հոգու ջերմությունը փոխանցենք Ձեզ, սիրելի երեխաներ, որպեսզի կարողանանք այս օրը միասին անցկացնել: Իհարկե, նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել, սակայն պետք է խոստովանել, որ Դուք այսպիսի վերաբերմունքի արժանի եք ամեն օր: Սիրելի երեխաներ, ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ձեր հիմնախնդիրները միշտ էլ գտնվել ու գտնվում են պետության ուշադրության կենտրոնում և մենք ձգտում ենք ամեն ինչ անել այդ խնդիրներին լուծում տալու համար>>:
Միջոցառման հետաքրքիր մաս կազմեց ԼՂՀ առողջապահության նախարարությանը կից գործող <<Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոն>> ՊՈԱԿ-ի սաների ձեռքերով պատրաստված ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը` մեծ բավականություն ու հիացմունք պատճառելով մասնակիցներին:
Ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը: