ԱՆՀԻՄՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

Հայկական <<Լրագիր>> էլեկտրոնային թերթը 2013թ. մայիսի 13-ին զետեղել է <<Ազատամարտիկը հետ է վերադարձնում մեդալը>> վերտառությամբ թղթակցությունը: Մենք կարող ենք անուշադրության մատնել հրապարակումը, սակայն չենք կարող չնշել, որ առնվազն բարոյական չէ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել` Աստված մի արասցե, որ վաղը կռիվ լինի, այսքան բան տեսնողն ինչպե՞ս է նորից կռվի գնալու… Տագնապալի այս խոսքերի հեղինակը, դատելով թղթակցությունից, Վարդան Ամիրջանյանն է, ով ծննդով Հադրութի  շրջանի Մարիամաձոր գյուղից է և ներկայում պետպատվերի շրջանակներում բուժօգնություն է ստանում<< Արմենիա>> հանրապետական բժշկական կենտրոնում:

        Ինչի՞ց է դժգոհում նախկին զինվորը: Փորձենք քայլ առ քայլ խորանալ հարցի էության մեջ:

       ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հ. Հակոբյանի տեղեկացմամբ, Վ. Ամիրջանյանը առաջին անգամ հիշյալ կենտրոն է դիմել 2012թ. դեկտեմբերի 25-ին` հաշմանդամության խումբ ստանալու նպատակով: Նույն օրը քաղաքացին փորձաքննվել է և նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն`մեկ տարի ժամկետով և ընդհանուր հիվանդության պատճառական կապով:

       Սա է ողջ իրողությունը: Հետո, ինչպես տեղեկացանք ԼՂՀ առողջապահության նախարարությունից, 2013թ. մարտի 1-ից մինչև 14-ը Վ. Ամիրջանյանը բուժօգնություն ստացավ <<Հանրապետական բժշկական կենտրոն>> ՓԲ ընկերության  վիրաբուժական բաժանմունքում, որտեղից, աջ վերջույթների  խցանվող տրոմբանգիտ ախտորոշմամբ,  տեղափոխվեց Հայաստան: Այստեղ, դժբախտաբար, անդամահատվեց նրա աջ սրունքը և հիվանդը իսկույն պրոթեզի խնդիր առաջ քաշեց: Վ. Ամիրջանյանը, ցավոք, դեռ ղարաբաղյան պրոթեզները չտեսած, շտապեց վատ կարծիք հայտնել դրանց մասին: ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող մարմնի` <<Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Բաբայանը հաստատում է, որ Վ. Ամիրջանյանը երբեք  որևէ հարցով չի դիմել կենտրոն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների պրոթեզավորումը պարտադիր կատարվում է ԼՂՀ պետբյուջեի  միջոցների հաշվին: Կենտրոնի տեխնիկ-օրթոպեդները, որոնք ուսանել են գերմանացի լավագույն մասնագետների մոտ, ժամանակ առ ժամանակ իրենց մասնագիտական որակավորումն ու վարպետությունը  բարձրացնում են Գերմանիայում: Իր գոյության 18 տարիների ընթացքում կենտրոնը պատրաստել է 1265 նոր  պրոթեզ: Ընդհանուր առմամբ, ներառյալ օրթոպեդիկ պարագաների նորոգումը, ներկայում պետբյուջեի  միջոցներից տարեկան ծախսվում է շուրջ 25մլն դրամ: Կենտրոնի աշխատանքի, մանավանդ` պրոթեզների  որակի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր ոչ մի բողոք չի ստացվել հաշմանդամների կողմից: Իրենց որակով ղարաբաղյան պրոթեզները չեն զիջում երևանյան, ինչու չէ` նաև արտերկրում պարտրաստվող  պրոթեզներին: Լ. Բաբայանը վերջում  ընդգծեց, որ Վ. Ամիրջանյանը ոտքի վերքերը լրիվ ապաքինվելուց, ավելի կոնկրետ` երեք շաբաթ հետո կենտրոնի կողմից կապահովվի նոր որակյալ պրոթեզով:

       Ահա  ամբողջ ճշմարտությունը  հայրենիքի  նախկին զինվորի առողջական վիճակի մասին, մինչդեռ << Լրագիր>> էլեկտրոնային թերթը ոչ միայն հարկ չհամարեց  իրերն իրենց անուններով կոչել,այլև ջանք չխնայեց ամեն ինչ ներկայացնելու առավել խիտ գույներով, մոռանալով, որ դրանով իսկ ջուր է լցնում թշնամու ջրաղացին:

        Հասարակայնության հետ կապերի բաժին

ԿԻՍՎԵԼ